

Վահրամ Թաթիկյանի կողմից բարձրացված Տավուշում անտառային հատումների մասին ահազանգից հետո հայտնվեցին պաշտոնական կառույցների պատասխան հրապարակումներ:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՀԱՅԱՆՏԱՌԸ»
Առավոտ
Հենվելով «Էկոլուր» հասարակական կազմակերպությունից ստացած հաղորդագրության վրա, տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը, անտառում օրեցօր նոր ճանապարհներ են բացվում, եւ առանց համարանիշների բեռնատարներն ավելի են խորանում անտառի սիրտը: Այս մասին «Էկոլուրին» ասել էր գրող Վահրամ Թաթիկյանը:
Արձագանքելով այս հրապարակմանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Պետրոսյանը պարզաբանում է, որ «Հայանտառի» տնօրենի այս տարվա մայիսի 14-ի թիվ 17 հրամանով «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղին 2010 թվականի համար, համաձայն անտառկառավարման պլանի, հատկացվել է ընդամենը 4374 խմ խնամքի եւ սանիտարական հատումների պլան, որից 678 խմ՝ շինափայտ եւ 3696 խմ՝ վառելափայտ: Խնամքի եւ սանիտարական հատման համար ընտրվել են 7 հատատեղեր, որոնցից 5-ի փայտանյութը անտառից դուրս է բերվում հրապարակման հեղինակի կողմից վկայակոչված տարածքի մոտակայքով անցնող միակ ճանապարհով: Հունիսի 14-ի դրությամբ նշված հատատեղերից մթերվել է ընդամենը 1991 խմ փայտանյութ: Նկատի ունենալով, որ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղը չունի սեփական բեռնատար ավտոմեքենաներ, փայտանյութի՝ անտառից դուրսբերումն ու մթերումը իրականացվել է եւ ներկայումս էլ իրականացվում է մասնավոր անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա՝ վերջիններիս բեռնատար ավտոմեքենաներով»:
«Էկոլուրի» տարածած լուսանկարում հստակ երեւում է, որ փայտանյութով բեռնված մեքենաները համարանիշ չունեն: Այս մասին «Հայանտառի» պատասխանում ոչինչ ասված չէ:
ՍԵՎՔԱՐԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ոսկան Սարգսյան, Հետք
Վերջերս գրող Վահրամ Թաթիկյանը հրապարակեց Կիրանցի ձորում կատարված ծառահատումները պատկերող լուսանկարներ: Սա առիթ եղավ, որ այցելեմ Սևքարի անտառտնտեսություն: 49-ամյա Աշոտ Երիցյանը` որպես «Հայանտառ» ՊՈԱԿ Սևքարի անտառտնտեսության տնօրեն, պաշտոնավարում է 2000թ.-ից: Նա ազատամարտիկ է, Երկրապահ կամավորականների միության Իջևանի տարածաշրջանային խորհրդի նախագահը, ԵԿՄ հանրապետական վարչության անդամ:
Սևքարի անտառտնտեսությունն ունի 20.434 հա տարածք, որից շուրջ 19 հազարն անտառածածկ է: Հատումների վերաբերյալ հարցնում եմ տնօրենին:
«2010թ. Սևքարի անտառտնտեսությունում պլանավորված են 4.374 խորանարդ մետր հատումներ, որից շինափայտ` 678 խ.մ: 2004թ. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմել է Սևքարի անտառտնտեսության անտառկառավարման պլան, որով մեր անտառտնտեսությունում տարեկան հատումների պլանը նախատեսված է 11 հազար խ.մ.: Հիմնականում սանիտարական հատումներ են, ունենք նաև նոսրացման, անցումային հատումներ: Այս տարի նախատեսված 4374 խ.մ. հատումներից 3250 խ.մ.-ն սանիտարական հատումներ են, որից 420 խ.մ.-ն ` շինափայտ: Նախատեսված է կատարել 110 խ.մ. նոսրացման հատումներ, որից 35 խ.մ.-ն` շինափայտ, 1014 խ.մ. անցումային հատումներ, որից 223-ը`շինափայտ: Ունենք 8 հատատեղ, որից 6-ը` Կիրանցի ձորում, ուր միակ ճանապարհը Աճարկուտ գյուղի միջոցով, Սրանոց տարածքով դեպի անտառի խորքն է բարձրանում:
Հուլիսի 14-ի դրությամբ հատատեղերից մթերվել է 1991 խ.մ. փայտանյութ, որից 371 խ.մ. շինափայտ, 1620-ը` վառելափայտ: Վառելափայտի մթերման գործում փոքր-ինչ գերազանցում է ինքնապատրաստումը (երբ գնորդը ինքն է վառելափայտ պատրաստում), իսկ շինափայտի մթերումն ամբողջությամբ կատարում են անտառտնտեսության աշխատակիցները: Շինափայտը հիմնականում վաճառվում է տախտակի տեսքով: Երկրորդ տեսակի (շինափայտի կոճղի հաստությունը` 13-24 սմ) հաճարի շինափայտի խորանարդ մետրի գինը 33.600 դրամ է` ներառյալ ավելացված արժեքի դրամը, առաջին տեսակի հաճարի շինափայտի (կոճղի հաստությունը` 25 սմ-ից ավելի) գինը`43.200 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Այս գները գործում են տնտեսության ներքին պահեստում: Ինքնապատրաստումով 1 խ.մ. վառելափայտի գինը 4300 դրամ է` ներառյալ ԱԱՀ-ն, իսկ տնտեսության ներքին պահեստից այն վաճառվում է 12.000 դրամով: Թափուկները, ծառի ճյուղերը վաճառվում են խորանարդ մետրը 1.200 դրամով»:
«Արդյոք թափուկների անվան տակ թաց կանգուն չի՞ հատվում» հարցին Ա. Երիցյանը պատասխանեց. «Հնարավոր չէ, որովհետև ծառը պետք է հատվի, իսկ ապօրինի հատման դեպքում տուգանքներ են սահմանված: Բնությանը պատճառված մեծ վնասի դեպքում հարուցվում են քրեական գործեր»:
Ավագ անտառապետ Մուշեղ Մադաթյանն էլ հավելում է. «Հատատեղերը հաստատվում են անտառշինության գրքերով: Անտառկառավարման պլանով նախատեսված են այն տարածքները, ուր պետք է հատումներ լինեն: Եթե չնախատեսված վայրերում հատումներ արվեն, ապա այդ հատատեղերը Հայանտառի և բնապահպանական տեսչության կողմից չեղյալ կհամարվեն»:
Մ. Մադաթյանը մանրամասնում է, որ հատատեղը կնքում է անտառտնտեսությունը, Հայանտառը ստուգում և շահագործման թույլտվություն է տալիս, իսկ շահագործման ընթացքում Հայանտառի «Մոնիտորինգ» ՊՈԱԿ-ը և բնապահպանական տեսչությունը ստուգում են:
«Այս տարի քա՞նի ստուգում է կատարվել Սևքարի անտառտնտեսությունում, և ի՞նչ խախտումներ են բացահայտվել» հարցին տնօրենը պատասխանում է. «Ընթացիկ տարում մեր անտառտնտեսությունում 3 ստուգում է կատարվել: Սկզբում մեր ուժերով ստուգում ենք արել` Հայանտառի և գյուղնախարարության վերահսկողության ներքո: Դրանից հետո եկել է «Հայանտառ» ՓԲԸ-ի վերահսկողության բաժինը, ապա ստուգում է իրականացրել գյուղնախարարության «Մոնիտորինգ» ՊՈԱԿ-ը: Բնապահպանական տարեկան հերթական ստուգումը կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»:
Սևքարի անտառտնտեսության պահպանության գծով փոխտնօրեն Լյովա Արզումանյանի խոսքերով` գարնանային ստուգումներով արձանագրվել է 25 ապօրինի հատում` 94.17 խորանարդ մետր ծավալով, 3 միլիոն 751.480 դրամ վնասի փոխհատուցումով: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնց մեջ նշված են խախտումներ արած անձինք: Գյուղնախարարության «Մոնիտորինգ» ՓԲԸ-ն ստուգումների ընթացքում հայտնաբերել է 10 խախտում:
Գարնանային ստուգումների արդյունքներն ամփոփելու ժամանակ Աչաջրի, Գետաշենի և Կիրանցի անտառպետություների 3 անտառապետի տրվել են նկատողություներ` իրենց պահաբաժիններում բացահայտված խախտումների համար: Նկատողություններ են տրվել նաև 5 անտառապահի, Սևքարի անտառպետության մի անտառապետի պաշտոնն իջեցվել է. նա դարձել է տեխնիկ:
Սևքարի անտառտնտեսությունում միջին աշխատավարձը կազմում է 60-70 հազար դրամ: Անտառապահները ստանում են 50-55 հազար դրամ: Հարցնում եմ, թե նման ցածր աշխատավարձի պարագայում ի՞նչ շահագրգռվածությամբ պիտի անտառապահները գիշեր-ցերեկ, առանց հանգստի, աչալուրջ հսկեն առանց կողպեքի պահեստ հանդիսացող հազարավոր հեկտար անտառը:
«Աշխատակիցներ ունենք, տնտեսության փոխտնօրեն, ինժերներ, այլ աշխատողներ, ովքեր անտառապահների, անտառապետների հիվանդության, արձակուրդի դեպքում նրանց փոխարինում են, ընթացքում էլ միշտ օգնում են: Անտառի պահպանությունը անտառտնտեսության բոլոր աշխատակիցների պարտքն է»,- հայտնում է տնօրենը:
«Ցածր աշխատավարձը կոռուպցիայի ռիսկեր չի՞ ստեղծում» հարցին Ա. Երիցյանը պատասխանում է. «Ընդհանուր առմամբ, ցանկացած ոլորտում բարձր աշխատավարձը բարձրացնում է աշխատողի պատասխանատվությունը: Բայց քանի որ իրավիճակն այդպիսին է, հարմարվում ենք»:
Հարցնում եմ Վահրամ Թաթիկյանի լուսանկարած, վառելափայտով բեռնված մեքենաների, նաև այն մասին, թե ինչո՞ւ բեռնատարներից մեկն առանց պետհամարանիշերի է: Գլխավոր անտառապետ Մ. Մադաթյանը բացատրում է. «Այդ նկարներում պատկերված, վառելափայտով բեռնատարները օրինական փաստաթղթերով են եղել, մեկը` «ԶԻԼ-157» մեքենա, մյուսն էլ` «ԳԱԶ-66»: Առաջին մեքենայի տարողությունը` 8, երկրորդինը 6 խ.մ. է: «ԶԻԼ-157»-ը համարանիշեր ունի, վարորդի խոսքերով` անտառի ցեխի միջով, խորդուբորդ ճանապարհներին դրանք վնասվում են: Նաև մեքենայի առաջից շղթաներ են կախած. դրանք էլ մեքենայի ցնցումների ժամանակ խփում են համարանիշին: Ուստի, անտառում համարանիշը հանում են»:
«Այդ լուսանկարների հրապարակումից հետո շատ կազմակերպություններից հետաքրքրվել են և պարզել, որ օրինական փաստաթղթերով հատատեղից հատկացված փայտանյութ է»,- ասում է Ա. Երիցյանը: Նա պատմում է, որ Առաքելոց վանքի մոտ տեսել է Վահրամ Թաթիկյանին, ով զբոսաշրջիկի տպավորություն է թողել: Վերջինս չի զրուցել Երիցյանի կամ անտառտնտեսության աշխատողների հետ:
Հարցնում եմ Կիրանցի ձորի անտառում բացվող նոր ճանապարհների մասին: «Հատատեղային ճանապարհների բացման պլան ունենք: Դրա հետ մեկտեղ հին ճանապահները նորոգվում են»,- պարզաբանում է անտառտնտեսության տնօրենը: Ավագ անտառապահ Մ. Մադաթյանն էլ ավելացնում է, որ նաև հակահրդեհային միջոցառումների համար անտառմիջյան ճանապարհները վերանորոգում են:
Պատմական հուշաձաններով հարուստ Կիրանցի ձորում 10 հազար հա խիտ անտառ կա, ուր միայն սանիտարական հատումներ են նախատեսված:
Հարցնում եմ «փայտի գործով» զբաղվող տեղացիների «բրիգադների» մասին: «Արարատյան դաշտից, Արագածոտնից, Գեղարքունիքից «Կամազով» գալիս են ինքնապատրաստումով փայտ գնելու: Նրանց մեքենան չի կարող անտառ մտնել, ուստի դիմում են իրենց տեղացի ծանոթներին`«Ուրալի» և «Գազ-66»-ի շոֆերներին, ովքեր փայտն անտառից տեղափոխում են: Ի դեպ, այս տարի 400 խ.մ. հատկացվել է պաշտպանության նախարարությանը»,- մանրամասնում է ավագ անտառապետ Մ. Մադաթյանը:
Նա նաև անտառվերականգնման աշխատանքների մասին է պատմում: Կիրանցում տնտեսությունը 3000 խ.մ. մակերեսով տնկարան ունի, այստեղ աճեցվում են ընկույզ, տանձ, խնձոր, ձիակասկ (կաշտան): «2007-ին 80 հա անտառ ենք հիմնել, 2008-ին`60: Այս տարի 40 հեկտարում լրացման աշխատանքներ ենք կատարել, 30 հա-ն աշնանն ենք լրացնելու»,- ասում է Մ. Մադաթյանը:
«Եթե պատմական հուշարձաններով հարուստ, բնական շքեղ միջավայր Կիրանցի ձորը դառնա արգելոց, արդյոք անտառպահպանման գործը կբարելավվի՞»,- հարցնում են տնօրեն Ա.Երիցյանին:
«Ընդհակառակը, վնաս կլինի: Եթե արգելոց լինի, մարդկանց մուտքը կշատանա, երկու հիմնարկ կձևավորվի, ու խախտումները մեկը մյուսի վրա գցելով` ապօրինի հատումները կավելանան, կառավարումն ավելի կդժվարանա»,- ասում է Ա. Երիցյանը:
Հունիսի 21-22-ին «ՖԼԵԳ» ծրագրի շրջանակներում Երևանում անտառների պահպանության վերաբերյալ սեմինարում նշվել են 2009-ին Տավուշի մարզում ապօրինի հատումների թվերը: Մարզի 4 անտառտնտեսությունից և «Դիլիջան» ազգային պարկից նախորդ տարի ամենաքիչ խախտումները`89, արձանագրվել են Սևքարի անտառտնտեսությունում: Տնօրեն Երիցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին Իջևանում նվազել է փայտամշակման արհեստանոցների քանակը:
Հ.Գ. Մի հարց կա, որի մասին Աշոտ Երիցյանի հետ չզրուցեցի: Սակայն այդ առթիվ մարզի անտառտնտեսությունների աշխատակիցները նախկինում «լրագրողի հետ անկեղծացել են»: Անտառտնտեսություններում տարբեր ստուգումները իրար հաջորդում են, ինչը խանգարում է նորմալ աշխատելուն, իսկ ստուգողներին էլ բազում օրեր պետք է անտառներում ճոխ «պատվել»` իհարկե անտառի հաշվին:
Հուլիս 27, 2010
