ԱՆՏԱՌԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ

Նաիրա Բուլղադարյան, «Ազատություն ռադիոկայան», Լոռի

Ավելի քան 3 միլիոն դրամի տուգանքի մեծ մասը «Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղի 8 աշխատողներն արդեն վճարել են պետբյուջե: Բնապահպանական պետական տեսչության կողմից երկու ամիս առաջ տուգանված անտառապահներն ու անտառապետերն իրենց անփութության պատճառով սեփական գրպանից դեռ շուրջ մեկ միլիոն դրամ էլ պետք է վճարեն:  

«Նրանց ոչ պատճաշ վերահսկողության պատճառով անտառից 126 ծառ՝ բոխի եւ հաճարենի է անօրինական հատվել»,-ասում է Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Անատոլի Մխիթարյանը: 

«Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղի 8 աշխատողները, ովքեր տուգանվել են ոչ պատշաճ վերահսկողության համար՝ 5.000 հեկտար անտառի պահպանումն իրականացնում են առանց բավարար միջոցների: Նրանք անգամ չեն իմացել, թե երբ եւ ովքեր են հատումներ իրականացրել: Անտառտնտեսությունում սա բացատրում են իրենց միջոցների սղությամբ՝ ո՛չ զենք ունեն, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ էլ բավարար թվով աշխատողներ:

Գուգարքի 32.000 հեկտար անտառները պահպանվում են առանց ավտոմեքենայի: Միայն մասնաճյուղի տնօրենին է ավտոմեքենա հատկացվել. «Ես անգամ այն իմ ընտանիքի անդամների համար չեմ օգտագործում»,-ասում է Մխիթարյանը:

Մարգահովիտի անտառապետության անտառապետ Ժորա Գասպարյանը 600 հեկտար անտառը եւս պահպանում է առանց ավտոմեքենայի՝ «սեփական ավտոմեքենաս եմ օգտագործում»:

Անտառապահները դժգոհ են աշխատանքային պայմաններից:

Մարգահովիտի անտառների անտառապահ Գագիկ Բարսեղյանը 45.000 դրամ աշխատավարձով, առանց զենքի պահպանում է անտառը կացնից ու սղոցից: «Ոչ ձի, ոչ զենք ունեմ, գիշերը տուն եմ գնում՝ կյանքն ավելի թանկ ա»,-ասում է  անտառապահը:

Անտառապահների խնդիրները լուծելու տարբերակներից մի քանիսն է թվարկում Գուգարքի անտառատնտեսության մասնճյուղի տնօրենը: Կամ անտառը հատկացնել մասնավոր՝ արդյունավետ կառավարմանը կամ էլ պետական բյուջեից ֆինանսավորել անտառտնտեսությունները՝ անկախ անտառից դուրս բերվող փայտանյութի վաճառքից գոյացած գումարների չափից: 

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն ասում է, որ մինչեւ հիմա Հայաստանի անտառների իրական վիճակի հետազոտություն կառավարության կողմից չի կատարվել, ինչը թույլ կտար ամբողջական պատկերացում կազմել անտառի վիճակի վերաբերյալ ու անտառի կայուն զարգացումը իրականացնել բացահայտված խնդիրների լուծման հիման վրա:

«Այդ հետազոտությունները հարկավոր չեն անտառի բիզնեսով զբաղվող անօրինական հատումներ կատարողներին: Այս է պատճառը, որ հետազոտություններ չեն իրականացվում»,-ասում է Զարաֆյանը:

Նկատենք, որ «Հայանտառն» արդեն մեկ տարի է` նախատեսում է անտառամերձ շրջանների բնակիչների վառելափայտը վաճառել սահմանվածի կես գնով՝ շարունակելով պնդել, թե Հայաստանի անտառները հիմնականում հատում են ոչ թե գործարարները, այլ հասարակ գյուղացիները:

Հուլիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր