Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ` ՄԻՆՉԵՎ ԽՈՇՈՐ ԱՂԵՏ ՉԼԻՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՈՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՆԻ

Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ` ՄԻՆՉԵՎ ԽՈՇՈՐ ԱՂԵՏ ՉԼԻՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ  ՈՉ ՈՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՆԻ

ԷկոԼուր

«Կոչնչանան անտառները ոչ միայն այն տարածքում, որտեղ հանքը շահագործվելու է, այլեւ վերադիր անտառները, որովհետեւ դրենաժային ջուրը կիջնի դեպի այդ խոռոչը եւ կչորանան վերեւի վերադիր անտառները: Այստեղ ջրային ռեսուրսների խիստ աղտոտում, եթե անտառը վերանում է, կենսաբազմազանության վերացում, այստեղից նաեւ ջրային ռեժիմի վրա ազդեցություն, կլիմայի փոփոխության վրա ազդեցություն եւ այդ տարածաշրջանի ամբողջ էկոհամակարգի հսկայական ազդեցություն կլինի»: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետեւանքով առաջացող էկոլոգիական բացասական հետեւանքները «ԷկոԼուր»-ի հետ զրույցում թվարկեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Թեղուտի հանքի շահագործման ընթացքում հատվելու է 357 հա անտառ:

«Եթե համեմատենք, այն տնտեսական օգուտը, որը պետք է լինի, եւ այն բնապահպանական վնասը, որը դառնալու է նաեւ տնտեսական վնաս, ապա նրանք անհամեմատելի են, որովհետեւ շատ կարճաժամկետ լինելու է տնտեսական օգուտ եւ հավերժ լինելու է էկոլոգիական վնաս, որը դառնալու է ե’ւ առողջապահական վնաս, ե’ւ տնտեսական վնաս»,- ահազանգեց Կ. Դանիելյանը:

1991թ. տվյալներով Հայաստանի անտառածածկ տարածքը կազմել է 11,2 %: Ներկայումս Հայաստանի անտառները հազիվ 7% են կազմում: Հանքի շահագործման իրավունքը ստացած «ACP» ընկերությունը, «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն, նախատեսում է անտառապատման աշխատանքներ կատարել  714 հեկտար մակերեսով տարածքներում: Սակայն այս հանգամանքը բնապահպանի համար բնավ հուսադրող չէ:  «Դա դեռ այդքան հեշտ բան չէ` անտառը կոմպենսացնել, կարող են տնկել, բայց երբ դա անտառ կդառնա, դա մեծ խնդիր է առավել եւս այսօրվա կլիմայի փոփոխության պայմաններում»:

Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները ներկայացնում են «անվիճարկելի վկայություններ» մոլորակում ջերմաստիճանի բարձրացման միտման մասին: Երկիր մոլորակի կլիման փոփոխվում է` առաջացնելով աննախադեպ աղետներ` հրդեհներ, ջրհեղներ, սառնամանիքներ, մինչդեռ այդ մոլորակի մի մասնիկը կազմող Հայաստանի գործարարներին դա կարծես թե չի հուզում, կարեւորը շահույթ ապհովելեն է:

Արդեն մի քանի տարի է, հասարակությունը պայքարում է Թեղուտի ծրագրի դեմ, բայց դեռեւս ապարդյուն: «Միգուցե լուրջ փոփոխություններ կլինեն, մոլորակը մեզ կօգնի: Մինչեւ խոշոր աղետ չլինի, բնապահպանությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնի»,- ասաց Կ.Դանիելյանը: 

Օգոստոս 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր