

Panorama.am
Էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Խոսրով» աշխատանքային խմբի անդամներն օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ մտադիր են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ու այլ պաշտոնյաների դիմում-նամակ հանձնել:
Ինչպես նշեցին դաշինքի անդմաները, նամակում նրանք անհրաժեշտ են համարել վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» պետական արգելավայրի ստեղծելու վերաբերյալ կառավարությանը 2007 թվականի մայիսի 24-ի N 673-Ն որոշումը և վերականգնել այդ տարածքի արգելացային կարգավիճակը: Բացի այդ, նրանք նշում են, որ արգելոցի տարածքում ռեստորանային համալիրի շինարարություն է ընթանում, որը նույնպես թույլատրելի չէ:
Աշխանանքային խմբի անդամ Հրանտ Սարգսյանը նկատեց, որ որոշումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով, քանի որ հաշվի չեն առնվել մասնագետների ու հասարակության կարծիքը:
Իսկ դաշինքի անդամ, «SOS Խոսրով» աշխատանքային խմբի անդամ Մարինա Օգոնեսովան նկատեց, որ «Գիլան» տարածքը գտնվում է արգելոցի կենտրոնում և դրա կարգավիճակի փոփոխությունը վտանգ է ներկայացնում արգելոցի մասնատման համար ու սկիզբ կդառնա «Խոսրովի անտառ»-ի վերացմանը:
Դաշինքի աշխատանքային խմբի անդամները գտնում են, որ կառավարության այդ որոշումը հակասում է բնապահպանական ու միջազգային օրենսդրությանը, մի շարք միջազգային բնապահպանական դրույթների, հակասում է նաև GEF, UNDP և WWF ու այլ բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականությանը ու կարող է հարցականի տակ դնել նրանց ֆինանսական աջակցության հարցը հանրապետության հատուկ պահպանվող տարածքներին, մասնավորապես, «Խոսրովի անտառ» արգելոցին:
Ասուլիսին նաև ներկա խմբի անդամ, «Էկոտուրիզմի ասոցիացիայի» անդամ Ժաննա Գալյանը նկատեց, որ այժմ բնապահպանության նախարարի որոշմամբ ժամանակավոր դադարեցվել է արգելոցում ընթացող շինարարությունը, սակայն նրանք ունենալով նախադեպը, շինարարության սառեցումը բավարար քայլ չեն համարում:
«Մենք գտնում ենք, որ սա խնդրի լուծում չի կարող հանդիսանալ, ճիշտ է` նախարարը այնպես արեց, որ շինարարությունը հիմա չի շարունակվում, բահց մենք գտնում ենք, որ դա ժամանկավոր դադար է; Մենք նախադեպն ունեցել ենք դրա. անցյալ տարի նույնպես 2-3 ամսով դադարեցվեցին շինարարական աշխատանքները, բայց հետո նորից նոր թափով վերսկսեցին»,-եզրափակեց Ժ. Գալյանը:
Օգոստոս 06, 2010
