ՆԱՅԵ՛Ք ԵՎ ՄՏԱՊԱՀԵ՛Ք՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ

ՆԱՅԵ՛Ք ԵՎ ՄՏԱՊԱՀԵ՛Ք՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ

ԷկոԼուր

Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը լցված է փայտով՝ ընդամենը 4,5 հազար խորանարդ մետր: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար հատված Թեղուտի անտառն է: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային լանդշաֆտի հսկայական կտորներ, իսկ նրանց տեղում հայտնվում են մերկ շինարարական հրապարակներ, որոնք լցվում են բետոնե կառույցներով: Յուրահատուկ բնական օբյեկտների մասին կարելի է արդեն անցյալ ժամանակով խոսել, օրինակ՝ Խառատաձորի կիրճը: Նայե՛ք,  մտապահե՛ք, քանի որ արդեն կիրճը ծածկված է պատնեշներով: Վաղն այդ անտառը, այդ կիրճը եւ կիրճի միջով հոսող գետակը չեն լինի: Կլինի պոչամբար, որը, Թեղուտի ծրագրի համաձայն, պետք է լցվի մինչեւ 200 միլիոն խորանարդ մետր ծավալով թափոններով, իսկ գետակի փոխարեն լինելու է բետոնե ջրանցք: (Տե՛ս լուսանկարները):

Հնրարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կփոխարինեն անտառատնկումները դարերի ընթացքում ստեղծված այս էկոհամակարգին: Թեղուտի ծրագիրն աննախադեպ է. 1992-1995թթ. Էներգետիկ ճգնաժամից հետո սակավանտառ Հայաստանում միայն պաշտոնական ծրագրով պետք է հատվի 357 հա անտառ: Անկախ փորձագետների գնահատակններով՝ Թեղուտի ծրագրի ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ հանքը, ապարների համար վայրը, վերամշակող ֆաբրիկան, պոչամբարը եւ 1400 հա տարածքով պահեստները կբերեն անտառի ոչնչացման ողջ այդ տարածքում եւ շրջակա տարածքներում անտառային էկոհամակարգի դեգրադացման:

Ընկերությունը շտապում է, թեպետ ներդրումներ դեռ չունի: Բանակցություններ են տարվում ռուսական ՎՏԲ բանկի հետ: Հասարակությունն առաջարկում է Թեղուտի համար այդ բանկում սոցիալական վճարումներ չկատարել:

Իսկ ի՞նչ է փոխարենն առաջարկում «ACP»: Առաջին հերթին՝ աշխատատեղեր: «Դեռեւս երկու գյուղերից (Թեղուտ եւ Շնող) մեզ մոտ աշխատում է 320 մարդ: Իհարկե, աշխատում են նաեւ այլ վայրերից: Եթե մեզ էքսկավատոր վարող է անհրաժեշտ, մենք նրան այստեղից կվերցնեինք, բայց այստեղ էքսկավատոր վարող չկա,- իրավիճակը բացատրում է «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը,- կբացենք հանքը, կբացենք նաեւ նոր աշխատատղեր՝ մինչեւ 1400»: Նրա խոսքերով՝ ընկերությունն անտառի կորուստը փոխհատուցում է անտառատնկումներով՝ մինչեւ 714 հա: Ահա եւ հիմնականում բոլորը: Իսկ բյուջե գումարներ մուտքագրելու մասին ընկերությունն արդեն չի խոսում, քանի որ հայտնի չէ, թե ինչ ֆինանսավորում կստանա՝ Թեղուտի ծրագրի զարգացման համար: Սեփական միջնոցներն ակնհայտորեն նրան չեն բավականացնում: Բանակցությունները ռուսական Վնեշտորբանկի հետ ընթանում են արդեն երկու տարի: Չիմանալով, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում, կարելի է հաստատել մի բան՝ ՎՏԲ-ն դեռ վարկ չի տրամադրել: Բացի այդ, Թեղուտի ծրագրի, «ACP» ընկերության եւ այդ՝ ակնհայտ անօրինական ծրագրին թույլտվություն տվող կառավարության, ֆինանսական կառույցների դեմ հասարակայնության ելույթները, եվրոպական կառույցներում ծրագրի վերաբերյալ բավականին նյարդային քննարկումները, շարունակվող դատական գործընթացները կարող են իրենց դերը խաղալ եւ գործարքը խափանել:

Ամեն դեպքում Թեղուտում անտառը հատվում է: Ծրագրի ենթակառուցվածքի զարգացումը կատարվում է ամենից անեղծ եւ հրաշալի հատվածներում, որտեղ մինչեւ ճանապարհների անցկացնելը անտառահատները դեռ չէին հասել: Այժմ արդեն հասել են եւ հատել մինչեւ 60 հա անտառ:

«Մեզ մոտ գյուղատնտեսությունը հակասության մեջ է հանքարդյունաբերության հետ: Եթե այն լավ զարգացած լիներ, ապա դժվար կլիներ խլել: Բայց այն չեն զարգացնում: Դրա համար էլ տարածքները խլում են»,- ասում է Շնող գյուղի բնակիչ Լյովա Ալիխանյանը, ով դատական վեճի մեջ է մտել «ACP» ընկերության հետ սեփական տարածքի համար: Թեղուտի ծրագիրը Շնող եւ Թեղուտ գյուղերից խլեց 81,483 հա հողատարածք՝ կառավարության որոշման համաձայն, որն առաջնահերթային շահ ընդունեց մասնավոր ընկերության շահերը: «Ու՞մ համար է այդ շահն առաջնահերթային: Այո, հիմա մարդիկ աշխատանք կունենան թեկուզ 20 տարի, իսկ հետո դա ու՞մ շահը կլինի»,- ասում է Ալիխանյանը:

Մինչ օրս Լյովա Ալիխանյանը եւ եւս մի քանի բնակիչներ այդպես էլ չեն համաձայնվել Թեղուտի ծրագրի համար տալ իրենց հողերը: Մի կողմից ընկերության սահմանած փոխհատուցումն անչափ ցածր է՝ 1քմ-ը 10-15 ցենտ, մյուս կողմից, ընկերությունը, թեպետ խոստացել է բացել աշխատատեղեր, սակայն չի կարող աշխատանքի վերցնել գյուղի բոլոր բնակիչներին, եւ հասկանալի չէ, թե ինչ անեն նրանք, ովքեր զրկվել են հողից, բայց չեն կարող ընկերությունում աշխատանքի տեղավորվել: Լյովան դեռ իր հողերը չի տվել: «Իմ հողերը բարձր են, մինչեւ նրանց հասնեն, մի քանի տարի կանցնի, եւ ես այդ ընթացքում դրանք կօգտագործեմ»,- ասում է նա: Բայց ի՞նչ կլինի հետո: «Գիտեք, կգտնվեն մարդիկ, ովքեր միշտ ընկերության կողմնակիցը կլինեն, կասեն՝ ոչինչ, հետո ամեն ինչ կուղղվի: Բայց 80-ական թվականներին, երբ ընդհանրապես արգելված էր զենք պահել եւ դիմադրել իշխանությանը 20-ամյա բանտարկության սպառնալիքով, ժողովուրդն, այնուամենայնիվ, ընդվզեց եւ հաղթեց: Այդպես էլ մեր դեպքում, կգա ժամանակ, կմտածենք»:

Օգոստոս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր