

ԷկոԼուր
Կապանի «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման Եվ Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն պատրաստվում է ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին: Պատճառն այն է, որ ՀԿ-ն դժգոհ է այդ գերատեսչությունների աշխատանքից եւ Ոստիկանության Կապանի բաժնի պետի՝ ՀԿ-ին ուղղված պատասխան նամակից: «Քանի, որ մեր կողմից ներկայացված նյութերն այդպես էլ տեղ չգտան իրենց ուսումնասիրության, հետաքննության մեջ, եւ դա մենք տեսնում ենք պատասխանում, մենք պատրաստվում էնք դիմել ՀՀ Գլխավոր դատախազին»,- «ԷկոԼուր»-ին հայտնեցին կազմակերպությունից:
2010թ. մայիսի 24-ին ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը նամակով դիմել էր Սյունիքի մարզի դատախազ Ա. Թարվերդյանին՝ խնդրելով պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին և ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ ապահովել ՀՀ օրենսդրությանը համապատասխան կեղտաջրերի հեռացում եւ մաքրում, որպեսզի կանխվի մարդկությանը եւ բնությանը հասցվող ահռելի վնասը: «...«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առաջացնում է ծանր բնապահպանական խնդիրներ, այն է. ջրամատակարարը կենցաղային կեղտաջրերը համապատասխան խողովակաշարով հեռացնելու, այն մաքրման կայան հասցնելու ու մաքրելու փոխարեն բաժանորդից ընդունված եւ հեռացված կոյուղու կեղտաջրերը կենտրոնական համակարգից անմիջապես լցնում է Կապան քաղաքի Ողջի գետը քաղաքի ամբողջ երկայնքով: ... ՀՀ բնապահպանության նախարարությունն իր հերթին ընդունել է նշված խախտումների փաստի առկայությունը, միաժամանակ նշելով, որ նշված խախտումների վերաբերյալ կձեռնարկվեն գործողություններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը ի պաշտոնե պարտավոր է տեղյակ լինել և տեղյակ է բաժանորդների իրավունքների, խախտումների, գետի աղտոտման և բնապահպանական աղետի մասին, սակայն չնայած այդ իրազեկվածության աստիճանին, ՀՀ բնապահպանության նախարարությունը ցուցաբերում է անտարբերություն և անգործություն` վերացականորեն նշելով միայն, որ խախտումները կվերացվեն»,- մասնավորապես ասված է Սյունիքի մարզի դատախազին ուղղված նամակում:
ՀԿ-ին դատախազի փոխարեն պատասխանել է Ոստիկանության Կապանի բաժնի պետ Ա.Գևորգյանը: Ոստիկանության գնդապետը հունիսի 28-ի թիվ 100/ 7-2394 գրությամբ ՀԿ-ին տեղեկացրել է. «Ըստ բնապահպանությունից ստացված գրության՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի Կապան տեղամասը սահմանված կարգով ունի ջրօգտագործման թույլտվություն, որով թույլատրված է կեղտաջրերը առանց մաքրելու թափել Ողջի գետը, որը դասված է արդյունաբերական նշանակության ջրերի շարքին, ուստի այն չի նախատեսվում օգտագործելու կոմունալ, ոռոգման, ռեկրացիոն նպատակով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի Կապան տեղամասի կողմից չմաքրված կեղտաջրերը Ողջի գետ թափվելու հետևանքով շրջակա միջավայրին վնասներ չեն հաշվարկվել, քանի որ չեն գերազանցել սահմանային թույլատրելի արտահոսքների չափաքանակները»:
Օգոստոս 10, 2010
