

ԷկոԼուր
2000-2009թթ. Հայաստանի Հանրապետության 33853 հա ընդհանուր տարածության վրա իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը: Աշխատանքներն ուղղված են եղել 1990-ական թվականներին էներգետիկ ճգնաժամի պայմաններում անտառին հասցված վնասի փոխհատուցմանը:
90-ականների մեծածավալ ծառահատումների արդյունքում կրճատվել են անտառածածկ տարածքները, դեգրադացվել են անտառային էկոհամակարգերը, սկսել են էրոզիոն գործընթացներ, նվազել է անտառային կենսաբազմազանությունը, կատարվել է ծառատեսակային կազմի անցանկալի փոփոխություն՝ բարձրարժեք հաճարի, սոճու, կաղնու ծառուտները փոխարինվել են ցածր արդյունավետության ծառուտներով:
«…Գերհատումների երկրորդ շրջանը, էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով, կատարվել է 1991-2000 թվականներին, որի ընթացքում, համաձայն միջազգային կազմակերպությունների դիտորդների տվյալների, հանրապետության անտառներում յուրաքանչյուր տարի հատվել է 700 հազ. -1 մլն. մ3 անտառանյութ, որի շուրջ 70 %-ը բաժին է ընկել ապօրինի հատումներին: Ներկայումս անտառային տարածքներում վերջնական անտառշինության բացակայության պատճառով վերը նշված տվյալները պաշտոնապես հաստատված չեն»,- տեղեկացնում է կայքը:
Օգոստոս 12, 2010
