

ԷկոԼուր
Օգոստոսի 13-ին Բնապահպանական հասարակական դաշինքի S.O.S Խոսրով աշխատանքային խումբը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը: «ՀՀ Բնապահպանության նախարարի 14. 07. 2010թ. N181- Ա հրամանի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ` «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիլան» պետական արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքն, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» կոչվող գյուղատեղում առկա տնտեսությունների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Բնապահպանական հասարակական դաշինքը այդպիսի նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը գնահատում է որպես Դաշինքին մտահոգող, Խոսրովի արգելոցում անօրինականորեն Գիլան արգելավայր ստեղծելու հարցից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ:
Դաշինքի համաձայնությունը ընդգրկվել այդ աշխատանքային խմբում հետապնդում էր նպատակ` ուսումնասիրել «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և արդյունքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մի մասի կարգավիճակը իջեցնելու ժամանակ ներկայացրած պաշտոնական հիմնավորումը և դրա նպատակահարմարությունը և օրինականությունը:
Դաշինքը նպատակահարմար է գտնում իր անդամների մասնակցությունը միայն վերոհիշյալ նպատակը հետապնդող աշխատանքային խմբի կազմում»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ աշխատանքային խմբում Դաշինքի կողմից ընդգրկված են «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ից Ժաննա Գալյանը եւ «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ից Գոհար Օգանեզովան:
Օգոստոս 13, 2010
