ՏԵՂ ԿՀԱՍՆԻ՞ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Ա1+

Օգոստոսի 26-ին քաղաքապետարանի մոտ էին հավաքվել Կոմիտաս փողոցի 5-ի ա, 5, 17/1, 3 շենքերի բնակիչները: Նրանք իրենց բողոքն էին փորձում հայտնել քաղաքապետին` պահանջելով չոչնչացնել բակի փոքրիկ այգին: Այս տարածքում նախապատրաստվում է բարձրահարկ շենքի շինարարություն:

«Այդ այգին դեռ 90-ականներից մենք պահպանել ենք, չենք թողել որ ծառահատեն: Բացի այդ կառուցվող բարձրահարկ շենքը վտանգավոր է հարակից շենքերի համար»,-ասում է Կոմիտաս 3 շենքի բնակչուհի Լյուդա Բոխոսյանը:

Բնակիչները իրենց դիմումը ուղարկել են քաղաքապետարան, նախագահին, նախագահի աշխատակազմին, Առողջապահության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարներին, մարդու իրավունքների պաշտպանին և որոշ կուսակցությունների` «Ժառանգություն», «Օրինաց երկիր»:

«Այսօր նախագահի աշխատակազմից ստացանք ծանուցում, որ պատասխան կարող ենք ստանալ քաղաքապետարանից, ուրիշ գրավոր պատասխան չենք ստացել»,-ասում է Կոմիտաս 5 ա շենքի բնակչուհի Գոհար Սահակյանը:

«Ամբողջ քաղաքը լցված է էլիտար շենքերով, բայց բնակիչ դրանցում գոյություն չունի, ինչի՞ համար են կառուցում այդ շենքը: Իսկ 15 մետր հեռավորության վրա կառուցել շենք անընդունելի է: Ես 2-րդ հարկում եմ բնակվում և այլևս լույս, օդ չի կարող ներթափանցել բնակարան: Մի խոսքով դառնում է նկուղ»,- ասում է Կոմիտաս 5 ա շենքի բնակիչ Սուսաննան:

Հայրենական մեծ պատերազմի մասնակից մոտ 90 տարեկան Ռաֆայել Երզնկյանն էլ եկել պայքարելու իրենց բակի այգու համար:

Ի վերջո, 2 բնակչի ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ճարտարապետն ասել էր, որ բոլոր շինարարական աշխատանքները կկասեցվեն, մինչև հարցը չքննարկեն հարակից շենքերի բնակիչների հետ: Նա բնակիչներին խոստացել է, որ բոլոր նորմերը նորից կվերանայվեն եւ առայժմ ոչ մի աշխատանք չի տարվի: Այս պահին շինարարական բոլոր աշխատանքները դադարեցված են:

Օգոստոս 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր