ԲՈՂՈՔ. ԵԼՓԻՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

ԲՈՂՈՔ. ԵԼՓԻՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Գայանե Մկրտչյան, «ԱրմենիաՆաու»

Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչներն ու փոխգյուղապետն ասում են, որ գյուղի ավագանին որոշում է ընդունել, որով արգելում է «Արգամիկ» ընկերությանը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել գյուղում (1400 բնակիչ), որը բնապահպանական առումով զգայուն տարածք է:

Ընկերությունն աշխատանքները գյուղում սկսել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 05.09.2008 թվականին տրված արտոնագրի հիման վրա, որը թույլ է տալիս տվյալ ընկերությանը գյուղի տարածքում պղնձամոլիբդենային երևակումների քարտեզագրում իրականացնել:

Ելփինի փոխգյուղապետ Արծրունի Ալավերդյանն ասում է, որ գյուղի ավագանու կարծիքով` կազմակերպությունն իրավունք չունի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել առանց տարածքի տիրոջ գրավոր համաձայնության:

«Արտոնագիրն օգտագործողի իրավունքների սահմանափակման մեջ մասնավորապես նշված է, որ աշխատանքները չեն կարող անցկացվել առանց գրավոր համաձայնության, եթե տարածքը տեր ունի: Տվյալ դեպքում տերը Ելփին համայնքն է, ինչն ամրագրված է նաև Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածով»,- ասում է Ալավերդյանը:

Ելփին գյուղը գտնվում է Երևանից մոտ 100 կմ հեռավորության վրա` հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ փոխգյուղապետի` այն տարածքում, որտեղ նախատեսվում են աշխատանքներն անցկացնել, գտնվում է գյուղի միակ աղբյուրը:

«Եթե սկսեն աշխատանքները, ապա այդ տարրերը կակտիվանան, ինչի հետևանքով այդ ջուրն ուղղակի հնարավոր չի լինի օգտագործել»,- ասում է Ալավերդյանը:

Այդ տարածքում են գտնվում նաև պատմական հուշարձաններ, խաչքարեր և գերեզմաններ: Այնտեղ է գտնվում նաև գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, ապրում և աճում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր:

Քանի որ գյուղում նախկինում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ, Ելփինի բնակիչները նաև անհանգստանում են, որ հորատումները կարող են դիպչել կողքին գտնվող ուրանային երևակումներին:

Գյուղի ավագանու խորհուրդը պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը` համայնքի այդ տարածքին հատուկ պահպանվող կարգավիճակ տալու համար:

Սեպտեմբեր 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր