ՀՀ կառավարության պաշտոնական կայք
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ։ Սույն փաթեթը մշակվել է հաշվի առնելով նախարարության կառուցվածքային միավորների գործառույթների դասակարգման վերլուծության արդյունքները։
Գործառույթները ճշտվել են, ավելի հստակ ձևակերպվել, վերացվել են իրավական հիմք չունեցող և կրկնվող դրույթները, ամրագրվել ՀՀ օրենսդրությամբ նախարարությանը վերապահված նոր լիազորությունները։ Մեկ այլ որոշմամբ նախարարության աշխատակազմում ստեղծվել է թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն` առանձնացված ստորաբաժանման իրավունքով, հաստատվել են դրա կանոնադրությունը և կառուցվածքը։ Գործադիրն իր երկու որոշումներով փոփոխել է նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման և ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունների կանոնադրությունները, որոնց համաձայն դրանց ամրագրվել են միայն ծառայությունների մատուցման գործառույթներ։
Լրացում կատարելով իր մյուս որոշման մեջ, կառավարությունը «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն օժտել է ձեռնարկատիրական գործունեության «հիդրոերկրաբանական տեղեկատվության (խորհրդատվության) կազմում և տրամադրում» տեսակով։
Սեպտեմբեր 06, 2010
