ՀԱՅԱՆԻՍՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության  ասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Արարարի մարզի Հայանիստ համայնքում տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որին մանակցում էին նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը, Հայանիստի եւ հարակից համայնքների, ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ), տարածաշրջանի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարները:

Քննարկվեց Հայանիստում եւ հարակից համայնքներում խորքային հորերի ապօրինի հորատման, հորերի` սահմանված նորմերի խախտումներով շահագործման հետեւանքով ստեղծված իրավճակը: Նշվեց, որ ձկնաբուծական տնտեսությունների` ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերի խախտմամբ իրականացված գործունեության հետեւանքով շատ համայնքներում դժվարացել է խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը: Հանդիպման ընթացքում Ա. Գեւորգյանը ձկնաբուծական տնտեսություններին առաջարկեց պարտադիր կատարել ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերով սահմանված նորմերի պահանջները եւ պահպանել ջրահեռացման կանոնները: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց ձկնաբուծական ընկերությունների կողմից վերոնշյալ գործընթացի անհիմն ձգձգումն ու կայացված որոշումների վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ ծավալելու առաջարկությունները` հիշեցնելով, որ այդ խնդիրները քննարկվել են դեռեւս մարտ- ապրիլ ամիսներին, եւ ՀՀ կառավարությունը, ընդառաջելով ձկնաբուծական տնտեսություններին, լրացուցիչ ժամանակ է տրամադրել ու պայմաններ է ստեղծել` վերջիններիս գործունեությունը ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Ա. Գեւորգյանը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը ձկնաբուծական տնտեսություններից ակնկալում է վերոնշյալ քայլերի շուտափույթ իրականացում, միաժամանակ պատրաստակամ է քննարկել առանձին դեպքերը, երբ անհրաժեշտ է տեխնիկապես բարդ ջրահեռացման հանգույցների եւ լուծումների կիրառում:

ՀՀ փոխվարչապետը հանձնարարեց ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին հաջորդ շաբաթ խորհրդակցություն անցկացնել Հայանիստի, տարածաշրջանի համայնքների, ՋՕԸ- երի եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարների մասնակցությամբ` տեղում խնդիրների քննարկման, անհրաժեշտ տեխնիկական լուծումներ տալու եւ ջրամատակարարման վիճակը բարելավելու նպատակով:

Քննարկվեց նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի` Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով իրականացվող մի շարք նոր հորերի հորատման եւ ապօրինի ու ոչ արդյունավետ հորերի կոնսերվացման ծրագիրը:

Սեպտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր