Արմենպրես
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական շենքում սեպտեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնի» աշխատակիցների, արգելոցի տնօրինության եւ մարզային լրագրողների հետ անցկացվեց կլոր սեղան, որի ընթացքում առաջ քաշվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում մոնիթորինգի համակարգի զարգացման, իրազեկման բարձրացման եւ էկոտուրիզմի զարգացման ծրագրի անկյունաքարային հարցերը:
«Բնապահպանական ծրագրերի կենտրոնի» տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը նշեց, որ ծրագիրն ամբողջական տեսքի կբերվի նոյեմբերի վերջին, որից հետո կունենանք էկոտուրիզմի զարգացման եւ հանրային իրազեկման բարձրացման համար մանրակրկիտ մշակված ենթակետեր: «Այս ծրագիրը կյանքի կոչելուց հետո մենք կարող ենք գրագետ ձեւով դուրս գալ համաշխարհային շուկա, օտարերկրացին նաեւ էկոտուրիզմով է ճանաչում տվյալ ազգի քաղաքակրթության աստիճանը»,-ընդգծեց նա` ավելացնելով, որ այսօր արգելոցների պահպանությունը եւ վայրի բնության անխափան գոյությունն ունեն բոլորիս հոգածության ու պատասխանատվության կարիքը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի առաջին տեղակալ Հովիկ Թամազյանը նշեց, որ երկու ամիսների ընթացքում Եվրոպական երկրներից արդեն ունեցել են շուրջ հարյուր այցելուներ, որոնց համար արդեն ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները (ուսումնասիրությունների, հանգստի համար, կան նաեւ գիշերատեղեր): Երեւանում արդեն ունեն կոորդինացնող կենտրոն, համագործակցում են տուրիստական կազմակերպությունների հետ: Հստակեցված է նաեւ գնային քաղաքականությունը` յուրաքանչյուր անհատից գանձվում է 3000 դրամ: Նա ցավով նշեց, որ տեղաբնակներն այդքան հաճախակի չեն այցելում: «Հավանաբար նրանց մեջ պահպանված է խորհրդային տարիների կարծրատիպը, թե արգելոցները փակ տարածքներ են: Մենք ուզում ենք, որպեսզի մեր արգելոցի դռները բացվեն յուրաքանչյուրի առաջ, եւ մայր բնության անկրկնելի տեսարանները հասանելի լինեն բոլորին»,-նշեց նա:
Հ. Թամազյանի խոսքով վերոհիշյալ ծրագրի հիմքում ընկած լինելով բնակչության իրազեկման հարցը, նպատակ ունեն տեղական լրատվամիջոցների միջոցով եւ օգնությամբ բնակչությանը հաճախակի տեղյակ պահել արգելոցի առօրյային: Արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը ներկայացրեց կենդանական եւ բուսական աշխարհը, նշեց, որ «Խոսրովի արգելոց»-ը համարվում է աշխարհում պահպանվող ամենահին տարածքը, իր եզակի արժեքները հաշվի առնելով միակն է տարածաշրջանում: Ունեն Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ եւ բույսեր: «Այն, ինչ կտակվել է մեզ, պետք է պահպանենք, խնամքով փոխանցելով սերնդեսերունդ, ինչն էլ ընկած է այս ծրագրի հիմքում»,-ընդգծեց նա: Այս տարվա ընթացքում արգելոցին հարող տարածքներից հայտնաբերվել է 10 մասնավոր զենք, 13 թակարդ, մեկ ձկնորսական ցանց, իսկ մեկ ինքնաձիգ հանձնված է ոստիկանությանը: Վերջում տարվող աշխատանքներին ավելի մոտիկից ծանոթացնելու նպատակով լրագրողներն այցելեցին վարչական շենքում գործող «Խոսրովի արգելոց» թանգարան, դիտեցին վավերագրական ֆիլմ:
Սեպտեմբեր 16, 2010
