Ինչպես մեծացնել համայնքային ռեսուրսները կայուն էներգետիկայի տեղայնացման համար

Ինչպես մեծացնել համայնքային ռեսուրսները կայուն էներգետիկայի տեղայնացման համար

Հայաստանի համայնքները միանում են Եվրոպական միության նախաձեռնած «Քաղաքապետերի դաշնագրին»։

Ներկայում «Քաղաքապետերի դաշնագրին» ակտիվ կարգավիճակ ունեն Հայաստանի 15 համայնք։ Եվս 15 համայնք ունեն կասեցված կարգավիճակ։ Միանալով Դաշնագրին՝ համայնքները կամավոր հանձնառություն են ստանձնում իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը։ 12 համայնք արդեն մշակել է իր գործողությունների ծրագրերը։

Օրերս կայացած «Կայուն համայնքային էներգետիկ զարգացման» համաժողովի ժամանակ Դաշնագրի կողմերը, համայնքները, պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունները քննարկեցին «կանաչ» էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Համաժողովն անցկացվեց «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2023»-ի շրջանակում՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո։

Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին նշեց․ «Մենք ֆինանսական միջոցներ ենք տրամադրում բանկերին, որոնք ներդրում են կատարում վերականգնվող էներգետիկայի համար։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, միացել և որոշել են, որ պետք է աջակցեն էներգաարդյուանվետության բարձրացման ոլորտում ներդրումներին։ Մենք ունենք համագործակցություն Հայաստանի կառավարության հետ երկկողմանի պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում, որոնցից է «Քաղաքապետերի դաշնագիրը», որի շրջանակներում արդեն հատկացվել է 2 տրանշ։ Այժմ մենք գտնվում ենք 3-րդ տրանշի իրականացման փուլում։ Խոսել ենք Հայաստանի կառավարության հետ և պայմանավորվել, որ ավելացնելու ենք վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը։ Մենք մեծացրել ենք մեր թիրախը՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հանձնառությունը 30 տոկոսից հասցնելով 35 տոկոսի։ Նաև ավելացրել ենք ֆինանսավորումը, մի շարք գործիքներ ենք մշակել, մասնավորապես, վեր ենք հանել ՏԻՄ-երի և տեղական բնակչության կարիքները։ Այս համաժողովն էլ իր բնույթով ևս մեկ աջակցության միջոցառում է համայնքներին»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց․ «Համայնքներին կոչ ենք անում լինել ակտիվ և միանալ Դաշնագրի գաղափարախոսությանը՝ մշակելով էներգետիկ ռազմավարություն։ Այդպիսով, ըստ էության, համայնքները մշակում են համայնքի զարգացման ընդհանուր տեսլականը»։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկերը Հայաստանի համայնքների միությունն է։ Միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ շատ համայնքների համար այս ոլորտը դառնում է դրոշակակիր։ «Սա հնարավորություն է տալիս, որ համայնքներն իսկապես մտածեն կյանքի որակի փոփոխության մասին։ Մեր համայնքները, նման ծրագրեր իրականացնելով, ձեռք են բերում կարողություններ և հմտություններ։ Համայնքներն ընդունակ են դառնում իրացնել ֆինանսական ավելի շատ կարողություններ։ Եթե այսօր հայտնվի որևէ դոնոր և որևէ համայնքի առաջարկի լուրջ ֆինանսական ռեսուրսներ, մեր համայնքներն ընդունակ չեն կոնկրետ ծրագրեր և մենեջմենթ իրականացնել և իրացնել այդ ռեսուրսները։ Կարևոր է՝ ավելի շատ վստահել համայնքներին, որպեսզի ռեսուրսներն ուղիղ հասնեն նրանց, և նրանք ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ սկսեն իրականացնել ծրագրեր»,  - ասաց Էմին Երիցյանը։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանի համայնքները տեղական մակարդակում փոփոխությունների համար կարևոր շարժիչ ուժ ունեն՝ հատկապես, երբ խոսում ենք կայուն և կանաչ ապագայի հասնելու մասին։ Մեր թիմի փորձագետները համայնքներին ցուցաբերում են տեխնիկական և կարողությունների զարգացման աջակցություն՝ տրամադրելով գործիքակազմ իրենց կայուն էներգետիկ ապագայի համար», - նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Միքայել Մաթոսեանը։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագրի» ձեռքբերումներն ու մարտահրավերները։ «Դաշնագրի առաջին թիրախը կլիմայի փոփոխության մեղմումն է՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, երկրորդը՝ կլիմայի փոփոխության հետևանքների հարմարվողականությունը, երրորդը՝ էներգետիկ աղքատության հաղթահարումը, որը նոր բաղադրիչ է, ներդրվել է մոտ մեկ տարի առաջ։ Այն դեռ պարտադիր չէ մեր համայնքների համար, բայց 2024 թվականից համայնքները նաև պետք է գնահատեն իրենց մոտ էներգետիկ աղքատության մակարդակը և առաջարկեն միջոցառումներ այն հաղթահարելու համար։ Էներգետիկ աղքատության երկու պարզ օրինակ բերեմ։ Առաջինը՝ երբ տնային տնտեսությունները չունեն ֆիզիկապես հասանելիություն էներգիայի ծառայություններին։ Երկրորդը՝ եկամուտներից կախված աղքատություն, երբ ունես հասանելիություն, բայց չես կարող քեզ թույլ տալ լիարժեք օգտվել ֆինանսական ռեսուրսների պակասի պատճառով։ Այս թիրախները մեր համայնքները պետք է ուշադրության կենտրոնում ունենան 2024 թվականից հետո», - նշեց Արտեմ Խարազյանը։

Իսկ ինչպե՞ս ակտիվացնել համայնքներին․ «Այստեղ մեծ դեր պետք է ունենա պետությունը։ Սուբվենցիոն ծրագրեր իրականացնելիս կարելի է ներմուծել նոր բաղադրիչ, որը ենթադրում է, որ ծրագրերը պետք է ստանան հավելյալ ֆինանսավորում, եթե իրենք անդամակցում են Դաշնագրին կամ իրականացնում են ծրագրեր, որոնք բերում են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը կամ հարմարվողականությանը։ Եթե համայնքները նույնպես տեսնեն, որ պետությունը կարևորում է այս ուղղությունը, դա մոտիվացիայի հավելյալ գործոն կլինի», - նշեց Արտեմ Խարազյանը։

Փորձագետը շեշտեց՝ կարևոր է, որ համայնքներն ունենան էներգետիկ կառավարիչներ․ «Առանց էներգետիկ կառավարման ինստիտուտի ձևավորման գործընթացն առաջ չի կարող գնալ»։ Խոչընդոտներից են նաև էներգետիկ ռեսուրսների սպառման վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազայի բացակայությունը, էներգետիկ և կլիմայական ռազմավարության մշակման համար կարողությունների պակասը, ռազմավարություններում սահմանված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը, այդ միջոցառումների մշտադիտարկման տվյալների բացակայությունը։ Իսկ ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը կամ երկար է տևում կամ չի իրականացվում։

Ասիական զարգացման բանկի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Կարապետյանը խոսեց մարտահրավերների մասին, որոնց առնչվում է դոնորը համայնքային ծրագրերի դեպքում։ «Ծրագրերն առավել կենտրոնացված են Երևանում։ Համայնքների, ֆինանսների նախարարության միջև աշխատանքի խզվածք կա։ Խոշորացումը պետք է բերեր համայնքների ուժեղացմանը, լիազորությունների ու ֆինանսների ապակենտրոնացմանը, բայց դեռ շատ գործ կա անելու։ Երևանը մինչև 74 տոկոս կենտրոնական բյուջեից կախվածություն ունի, չխոսենք մնացած համայնքների մասին, ինչը խոսում է իրավաբանական անձերի ֆինանսական անկախության կամ որոշումների կայացման ունակությունների սահմանափակման մասին։  

Ունենք 400 միլիոն դոլարանոց շրջանակային վարկային համաձայնագիր կառավարության հետ։ Վերջին տրանշը՝ ավելի քան 100 միլիոն դոլար բյուջեով, միտված էր Երևանից դուրս համայնքների զարգացմանը։ 8-10 տարի առկախ վիճակում մնալուց հետո այդպես էլ կառավարության կողմից չպահանջվեց և, ցավոք, մենք համայնքների հետ աշխատելու այդ հնարավորությունն այդպես էլ չստացանք։ Համայնքների համաչափ զարգացում չկա, բոլոր ուժերը կենտրոնացած են Երևանի վրա։ Այս բացը պետք է լրացվի։ Ես վերահաստատում եմ մեր բանկի պատրաստակամությունը՝ աշխատելու Երևանից դուրս, բերելու տարաբնույթ ֆինանսական գործիքներ, որովհետև քաջ գիտակցում ենք համայնքներում ունակությունները զարգացնելու անհրաժեշտությունը», - ասաց Վարդան Կարապետյանը։

Շարունակելի

Հունիս 28, 2023 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր