ԷկոԼուր
Գառնիի «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանը կարող հանձնվել Խոսրովի արգելոցի պահպանությանը: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
«Մենք խնդիրներ էինք ունենում այգ գեղեցիկ քարերը կոտրելու և տեղափոխելու հետ կապված, այժմ հատուկ պահպանության ռեժիմ կիրականացվի և մենք քննարկելու ենք հնարավորությունները դրա կառավարումը Խոսրովի արգելոցին հանձնելու և նոր էկոտուրիստական համակարգ ձևավորելու առումով»,- ասաց Խաչիկ Հակոբյանը: Նա հայտնեց, որ անցյալ տարի «Բազալտե երգեհոնը» անձնագրավորվել և քարտեզագրվել է:
«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» անվանումով բնական հուշարձանը կազմված է կանոնավոր դասավորված արհեստական թվացող վեցանկյուն գլաններից, որոնք ձգվում են ձորի ստորոտից մինչև գլուխ: Այս զարմանահրաշ ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում: Բնական հուշարձանը գտնվում է Գառնիի տարածքում գտնվող Ազատ գետի կիրճում:
Փետրվար 07, 2018 at 19:56