Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուները արգելոցի եւ իրենց մասին 2

Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուները արգելոցի եւ իրենց մասին 2

Աստղիկ Ներսիսյան, ԷկոԼուր

Հրաչ Պատվականի Հովակիմյան

-Պարոն Հովակիմյան, ինչո՞ւ եք ուզում դառնալ  Խոսրովի արգելոցի տնօրեն:

-Կարողություններս շատ բավարար են տվյալ պաշտոնի ստանձնման համար: Կենսագրականս լրիվ հարմար է այդ պաշտոնի համար: Նախկինում 1992 թվականից  համակարգում եմ եղել, աշխատել եմ Խոսրովի  պետական արգելոցում պահպանության գծով տեղակալ: Համեմատաբար շարունակել եմ աշխատանքս Բնապահպանության նախարարության համակարգում…Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց փորձով 92 թվականից աշխատում եմ  բնապահպանության համակարգում:

-Ինչ ծրագիր ունե՞ք Խոսրովի արգելոցի հետ կապված:

-Իմ ամբողջ խնդիրը, առաջնային նպատակը  հենց պահպանության ուժեղացումն է եղել, որ ուժեղացված ռեժիմով 24 ժամվա հսկողություն է իրականացվում ամբողջ տարածքում: Հատուկ ջոկատ եմ ստեղծել, որոնք 24 ժամ հերթապահում են, հսկում են ամբողջ տարածքը: Մի քանի դեպքեր ունենք արդեն հայտնաբերված, կանխել ենք, և ձկնագողության, և որսագողության արձանագրություններ է կազմված: Եվ հիմնական նպատակը միանշանակ պետք է լինի պահպանությունը, որ կարողանա գիտությունը զարգանա: Եթե պահպանություն չլինի, գիտական աշխատանքները միշտ էլ թերի կմնան:

Գառնիկ Շաբոյան

-Ինչո՞ւ եք ուզում դառնալ  Խոսրովի արգելոցի տնօրեն:

-Սովորել եմ Երևանի անասնաբուժական ինստիտուտում, մասնագիտությամբ անասնաբույժ-ինժիներ եմ: Ինձ թվում է դա համապատասխանում է, ասենք, աշխատանքին:

-Ինչ ծրագիր ունե՞ք Խոսրովի արգելոցի հետ կապված:

-Ծրագիրը, գիտեք ոնց է, կոնկրետ չեմ մշակել, բայց աշխատանքի արդյունքում կառաջանա: Բայց ծրագրերը շատ են, և բոլորը նույն են ասում` պահպանություն, գիտության զարգացում և նման բաներ:

-Խոսրովի արգելոցը շատ խոցելի է որսագողության առումով, ի՞նչ միջոցներով կարող եք պայքարել որսագողերի դեմ:

- Ես 14 տարի աշխատում եմ այս ոլորտում և մինչև այսօր էլ պայքարում ենք որսագողության դեմ: Ու կա այդ միջոցները` ավելի հետաքրքիր կազմակերպելու այդ ամենը: Հետաքրքիր ասելով` այն է` ուժեղացնել պահպանությունը, համայնքի ժողովրդի, որսագողերի  հետ առանձնազրույց ունենանք, քարոզենք, բացատրենք, որ չի կարելի այդ որսը, Կարմիր գրքում է գրանցված: Այսպիսի բաներ արել ենք, բայց էլի շարունակվում է նույն աշխատանքը:

Գագիկ Հակոբյան

Գագիկ Հակոբյանը հանդես եկավ առաջարկությամբ, որ վաղը հանդիպեն բոլոր մրցույթի մասնակիցները  և լրատվամիջոցների հետ միասին խոսեն իրենց անելիքների, ծրագրերի մասին:

Արայիկ Կարապետյան

-Ինչ ծրագիր ունե՞ք Խոսրովի արգելոցի հետ կապված:

-Մինչև բուն ծրագրին անցնելը 1-ին` կատարել մոնիտորինգ, հաշվառում, պարզել ոչ միայն որսագողության պատճառները (անհետանում են շատ կենդանիներ, շատ կենդանիներ հայտնվում են Կարմիր գրքի մեջ) և սրա հիման վրա կառուցել այն, ինչ որ պետք է կատարվի Խոսրովի և նման արգելոցում` կենսոլորտը, միկրոկլիման, այդ համակարգը պահպանելու համար:

- Խնդրում ենք նշեք ձեր մասնագիտությունը եւ փորձը:

 1-ին մասնագիտությամբ ես ինժեներ եմ: Ավարտել եմ Պոլիտեխնիկը, ավարտել եմ կառավարման դպրոցը, այժմյան կառավարման ակադեմիան, որպես կառավարման ոլորտի մասնագետ: Կառավարման գործը ցանկացած ոլորտում թե պետության, թե սովորական ձեռնակատիրության գործում կարևոր է:

Ի՞նչ միջոցներով կարող եք պայքարել որսագողերի դեմ:

-Առաջինը` այն ճանապարհները, որոնք ավելի լայն են կամ  մեծ են, պետք են պահակակետեր: Ինձ թվում է`  կան պահակակետեր, իսկ որտեղ որ նեղ  արահետներ են կամ մեքենաներ կարող են անցնել, այդ ճանապարհները կարելի է  լիովին քանդել: Երկրորդ` կադրային ճիշտ քաղաքականություն վարել ու համապատասխան քանակի մարդկանցով համալրել` որակավորմամբ ու համապատասխան քանակի մարդկանցով: Որպեսզի որսագողությանը չաջակցեն, պետք է ֆինանսական ապահովածությունը որոշակի բարձրացնել աշխատավարձերի, պարգևատրման ձևով: Հայտնի է նաև, որ մի քանի միջազգային ֆոնդեր պատրաստ են տրամադրել գումարներ եվ կազմակերպել սեփական ֆինանսական միջոցների հայթհայթման աղբյուրը` ուրիշ ծառայություններ մատուցելով` հիմնականում աշխատակազմը նորմալ վիճակում պահելու համար:

Մարտ 14, 2013 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր