Խոսրովի եւ իրենց մասին խոսում են Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուները

Խոսրովի եւ իրենց մասին խոսում են Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուները

Տաթեւիկ Գրիգորյան, ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը հարցազրույցներ անցկացրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թեկնածուների հետ: Հիշեցնենք, որ մարտի 15-ին մրցութային հանձնաժողովը կընտրի տնօրեն: 11 թեկնածուներից մեկը` Վահան Դավթյանը դիմում է ներկայացրել մրցույթին չմասնակցելու համար:

-Աշխատում եմ այլ վայրում և ունեմ հեռանկարային այլ պլաններ:  Ցանկանում եմ դրանք իրագործել: Չնայած, եթե առաջվա պես մեկ թեկնածու լիներ, ես կշարունակեի պայքարը:

-Իսկ որքանո՞վ են այդ երկու հարցերը միմյանց հետ փոխկապակցված. Ձեր առաջադրումն ու թեկնածուների թիվը:

- Այսպես ասեմ, նախորդ մրցույթին ես ինքս հանձնաժողովի անդամ էի, որպես ՀԿ ներկայացուցիչ, և որոշակի մեկ թեկնածու  լինելու խնդիրն արդեն իսկ ստեղծում էր ոչ մրցակցային վիճակ: Արդյունքում անցավ Բնապահպանության նախարարության ցանկալի մարդը: Որ այս տարի էլ նման իրավիճակ չլիներ, չլիներ մեկ հոգի և չընտրվեր նրանց թեկնածուն, ես` ինքս, որոշեցի դիմել, որպեսզի լինի պայքար: Բայց հիմա կան շատ թեկնածուներ, այդ թվում նախկին տնօրենը, դրա համար էլ նպատակահարմար եմ գտնում շարունակել իմ աշխատանքը:

Լուսինե Կարապետյան

Տիկին Կարապետյան, ինչու՞ եք ցանկանում դառնալ Խոսրովի արգելոցի տնօրեն:

- Տնօրեն դառնալու դեպքում բավականին բարեփոխումներ կատարելու պայմանով: Ճիշտ է գոյություն ունի Անտառային օրենսգիրք, բայց փոփոխություններ անպայման կուզենայի տեսնել:

- Ի՞նչ ծրագրեր ունեք Խոսրովի արգելոցի հետ կապված:

- Ես հայեցակարգ ներկայացրել եմ, ունեմ իմ նկատառումները այդ ուղղությամբ: Առաջնային հարցերից մեկը բուսական և կենդանական աշխարհի թվաքանակի ավելացումն է: Ճիշտ է օրենքով չի թույլատրվում, բայց ես կուզենայի այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեին:

- Կնշե՞ք Ձեր մասնագիտությունն ու մասնագիտական փորձը:

- Ավարտել եմ Գյուղատնտեսական  ինստիտուտը, Ագրոնոմիա ֆակուլտետը: Ունեմ գիտնական-ագրոնոմի որակավորում: Հետագայում ուսումս շարունակել եմ, ընդունվել եմ Մանկավարժական համալսարանի Բնապահպանության և քիմիայի ֆակուլտետ: Այժմ դպրոցում դասավանդում եմ քիմիա և բնագիտություն առարկաները:

- Խոսրովի արգելոցը խոցելի է որսագողության առումով, ինչպե՞ս կարող եք պայքարել դրա դեմ:

- Ուղղակի պետք է մոբիլիզացնել աշխատողներին և կարգապահություն մտցնել:

Ալբերտ Դումիկյան

- Պարոն Դումիկյան,ինչու՞ եք ցանկանում դառնալ արգելոցի տնօրեն:

- Ես ամբողջ կյանքս արգելոցի տնօրեն եմ եղել: Աշխատել եմ Խաբարովսկի մարզում, երևի մի քանի տասնյակ անգամ մեծ արգելոցում:

- Ի՞նչ ծրագրեր ունեք Խոսրովի արգելոցի հետ կապված:

- Աշխատանքը, որ ես այնտեղ եմ կատարել, ամբողջովին նորություն է Խոսրովի արգելոցի համար: Օրինակ ՝ մի այնպիսի նորություն կարող եմ մտցնել արգելոցում, որը կբարձրացնի մարդկանց մոտ ցածր աշխատավարձ ստանալու ստիմուլը, որ իրենք ավելի լավ աշխատեն և ավելի լավ վարձատրություն ստանան, իհարկե եղած գումարի սահմաններում:

- Կնշե՞ք Ձեր մասնագիտությունն ու մասնագիտական փորձը:

- Ավարտել եմ Գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատել եմ Բուսաբանական ինստիտուտի անտառագիտության բաժնում, պաշտպանել եմ թեկնածուական դիսերտացիա, որից հետո «Բուրեինյան» (ՌԴ) արգելոցում աշխատելու հրավեր եմ ստացել: Այնտեղ որպես փոխտնօրեն աշխատել եմ 5 տարի, ապա ևս 20 տարի` որպես տնօրեն: Աշխատանքից դուրս եմ եկել իմ կամքով: Եկել եմ, որպեսզի իմ փորձն ու կարողությունները ներդնեմ իմ հայրենիքի համար:

 - Խոսրովի արգելոցը խոցելի է որսագողության առումով, ինչպե՞ս կարող եք պայքարել դրա դեմ:

-Ժամանակակից միջոցները օգտագործելով կարելի է դա 100%-ով կանխել: Դրանք են՝ լավ հսկողությունը, տեսախցիկների տեղադրումը…

 Հայկազ Կարապետյան

 - Պարոն Կարապետյան, ինչու՞ եք ցանկանում դառնալ արգելոցի տնօրեն:

- Դե,  տվյալ պաշտոնը տվյալ պահին թափուր է, և հնարավորություն կա մասնակցելու, ինչ-որ օգուտ բերելու այդ գործին: Այդ պատճառով էլ մասնակցում եմ մրցույթին:

- Ի՞նչ ծրագրեր ունեք Խոսրովի արգելոցի հետ կապված:

-Զարգացման  ծրագիրը ներկայացված է հայեցակարգում, իսկ հետագա անելիքները ցույց կտա աշխատանքային ընթացքը: Պետք է իմանալ ինչպիսի պայմաններ են արգելոցում, ինչ ունենք, ինչ է հնարավոր անել:

 - Կնշե՞ք Ձեր մասնագիտությունն ու մասնագիտական փորձը:

-Սկսեմ նրանից, որ երկու ինստիտուտ եմ ավարտել:Աշխատել եմ տարբեր ոլորտներում,այդ թվում բանկային համակարգում, կառավարման ոլորտում, ներկայումս աշխատում եմ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

 -Խոսրովի արգելոցը խոցելի է որսագողության առումով, ինչպե՞ս կարող եք պայքարել դրա դեմ:

- Կարծում եմ լավ, բարեխիղճ աշխատանքի դեպքում  հնարավոր է աշխատանքն այնպես կազմակերպել,որ մարդիկ նվիրված աշխատեն:Դա կարևոր նախապայմաններից մեկն է: Պետք է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները թե՛ տեխնիկական, թե՛ մտավոր, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի որսագողության դեմն առնել:

Խոսրովի արգելոցի նախկին տնօրեն Վարանցով Բարսեղյան

- Պարոն Բարսեղյան, ինչու՞ որոշեցիք ևս մեկ անգամ Ձեր թեկնածությունն առաջադրել  որպես արգելոցի տնօրեն:

- Առողջական խնդիրներ ունեի,այժմ ապաքինվել եմ,որոշել եմ ևս մեկ անգամ առաջադրվել:

- Ի՞նչ ծրագրեր ունեք Խոսրովի արգելոցի հետ կապված:

- Հիմնականում նպատակահարմար եմ գտնում արգելոցի պաշտպանության, բնական վերարտադրության և գիտական ճիշտ աշխատանքների իրականացումը:

-Խոսրովի արգելոցը խոցելի է որսագողության առումով, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել դրա դեմ:

-Որսագողություն հիմա չկա, իսկապես չկա: Այսինքն, պատժամիջոցները հասել են այնքան առավելագույնի, որ վաղուց արդեն որսագողություն չի իրականացվում: Դա մեր կողմից բավական մեծ ազդակ է:

Մարտ 14, 2013 at 19:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր