Մոզրովի քարանձավը վերականգնելու համար Մշակույթի նախարարությունը դեռ քայլեր չի ձեռնարկել. Բնապահպան

Մոզրովի քարանձավը վերականգնելու համար Մշակույթի նախարարությունը դեռ քայլեր չի ձեռնարկել. Բնապահպան

Tert.am

Վայոց ձորի մարզի փլուզված Մոզրովի քարանձավը վերականգնելու համար Մշակույթի նախարարությունը դեռ քայլեր չի ձեռնարկել: Այս մասին Tert.am-ին հայտնեց այս խնդրով զբաղվող բնապահպան ակտիվիստներից Գոռ Հովհաննիսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ նախարարությունը առաջարկում է սպասել մինչև բարենպաստ եղանակային պայմաններ կլինեն` վերականգնողական աշխատանքները սկսելու համար:

«Մեկ շաբաթից հույսով ենք նորություն կլինի: Նախարարությունը խնդրել է սպասել: Սպասում ենք մինչև իրենց ուզած հարմար սեզոնը լինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախարարության կողմից վերականգնման աշխատանքների համար ստեղծված աշխատանքային խումբը կազմվել էր դեռ ապրիլի սկզբին:

Հարցին` արդյո՞ք երկար ժամանակ չէ, որ խնդիրը լուծում չի ստանում, ակտիվիստը դրական պատասխանեց։ «Երկարը երկար է, բայց համբերատար սպասում ենք այն հույսով, որ ինչ-որ մի բան կլինի»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց նաև, որ քարանձավում մարտին տեղի ունեցած խոշոր փլուզումից հետո քիչ քարաթափումներ են եղել:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը:

Ըստ նախաձեռնության՝ նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն ահազանգին արձագանք չի եղել:

Ինչպես հայտնել էր Tert.am-ը, փլուզման հետևանքով քարանձավից կախված քարեր են ընկել, որի հետևանքով բացվել է քարանձավի առաստաղը: Դա, ըստ բնապահպանների, վնասում է քարանձավին, քանի որ այնտեղ փոշի է ներթափանցում, բացի դրանից, տաք ու սառը օդից վնասվում է քարանձավի ներսի հատվածը:

Մշակույթի նախարարության կարգադրությամբ քարանձավ մուտք գործելը ժամանակավորապես արգելվում է:

Նշենք որ, Մոզրովի քարանձավն ընդգրկված է Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Մայիս 14, 2012 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր