Գայլեր սպանելու պարգեւավճարից էլ են եկամտահարկ պահում

Գայլեր սպանելու պարգեւավճարից էլ են եկամտահարկ պահում

ԷկոԼուր

62 գայլի մորթի հանձնվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության /ԲՆ/ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է գայլերի սպանդը Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով: Գործադիրի որոշմամբ 2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվեց 20 միլիոն դրամ 200 գայլ սպանելու համար: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը 100 000 դրամ է: Սակայն փաստացի յուրաքանչյուր գայլի համար հատկացվում է 76 000 դրամ: Ըստ Արամ Աղասյանի` 100 000 դրամից եկամտահարկ են պահում, դրա համար է ստացվում 76 000 դրամ: «Նախկինում այդքան չի պահվել, հիմա ավելի շատ են պահում: Բայց մենք փոխանցում ենք 100.000 դրամ», - ասաց Արամ Աղասյանը:

ԷկոԼուրը հետաքրքրվեց, թե որքանով է արդյունավետ գայլերի թվաքանակի կրճատմանն ուղղված միջոցառումները, երբ գայլերն արդեն հասել են Երևան:

«Հաշվի առեք Երևանի տեղադիրքը...գայլերին նկատել են Հրազդանի կիրճին հարող հատվածում, ձորի մեջ գտնվող Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում, դա գայլի արիալի որոշակի հատված է, վայրի բնության հատված է», -  ասաց Արամ Աղասյանը՝ նշելով, որ փորձը ցույց է տվել, որ դրանք ավելացած գայլերն են, որոնք դուրս են գալիս ոհմակից, նոր տարածքներ զբաղեցնում և կեր հայթայթում:

Նոյեմբեր 25, 2014 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր