

ԱրմԻնֆո
Երևանում ուրբանիզացման տեմպերը և կանաչ տարածքների կրճատումը հանգեցնում են թռչունների որոշ տեսակների անհետացման:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, 70-80-ական թվականներին Երևանում արձանագրվել էին այնպիսի թռչնատեսակներ, ինչպիսիք են սարյակն ու բեղավոր երաշտահավը: «Այդ թռչունները փչակաբույն են, բույն են դնում փչակներում: Եվ Երևանի կանաչ գոտիների կրճատումից հետո դրանք պարզապես հեռացան այլ այլ վայրեր», - նշել է փորձագետը:
Նա նշել է, որ Երևանում ավելացել են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման յուրօրինակ ցուցիչ են: Դրանց պոպուլյացիայի աճի պատճառը, Ադամյանի ասելով, քաղաքի կառուցապատումն է, ծառահատումն ու կանաչ գոտիների ոչնչացումը: «Այդ թռչուններն արագ են բազմանում այնտեղ, որտեղ աղբը շատ է: Բացի այդ, դրանք կարող են սնվել երգեցիկ թռչունների ձվերով, ինչը մեծ վնաս է պատճառում բնությանը», - ասել է նա:
Նրա ասելով` այժմ Երևանում չափավոր քանակությամբ մեծ երաշտահավ է հանդիպում: «Եթե կանաչ տարածքների կրճատման քաղաքականությունը շարունակվի, այդ թռչունները նույնպես Երևանից կհեռանան», - նշել է Ադամյանը: Մյուս քաղաքային թռչունները` ջրածիծառներն են, որոնք բույն են դնում շենքերի ճեղքերում: «Սակայն պետք չէ մտածել, որ եթե մենք շարունակենք քաղաքի կառուցապատումը, ապա դրանց պոպուլյացիան կաճի: Ջրածիծառները սնվում են միջատներով: Իսկ ուրբանիզացման տեմպերի հետևանքով միջատները նույնպես հեռանում են», - նշել է փորձագետը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ և Եվրոպայի մեծ քաղաքներում կառուցապատման ժամանակ կատարվում է այս կամ այն շրջանում հանդիպող թռչունների տեսակների դիտարկում: Այդպիսով, կառուցվող շենքերը նախատեսված են լինում դրանց բնադրման համար: Օրինակ, քիվերին բույն են դնում ջրածիծառներն ու ծիծեռնակները: «Դժբախտաբար, մեր արդի ճարտարապետությունում նման նորմեր հաշվի չեն առնվում», - ասել է Ադամյանը:
Մարտ 29, 2012 at 13:38
