

ԷկոԼուր
Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է: 1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան: Հայաստանը նույնպես վավերացրել է այս կոնվենցիան, սակայն թռչունների տեսակները մեր երկրում գնալով պակասում են: Եթե նախկինում Հայստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, ապա այսօր թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում: Ինչպես “ԷկոԼուր”-ի հետ զրույցում նշեց “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, Հայաստանում թռչունների անհետացման հիմնական պատճառը բնական բիոտոպների փոփոխությունն է, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը, Սեւանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, ուրբանիզացիան: Երեւանում եւ նրա մերձակայքում առաջ 140 տեսակի թռչուն կար: Ըստ Սիլվա Ադամյանի` նրանց թիվն այսօր հավասարվել է 100-ի: “Երգեցիկներից մնացել են կեռնեխի մի քանի տեսակներ, երաշտահավը, այգու սոխակը, միջատակերներից կարելի տեսնել հոպոպին: Աղբավայրերի մոտ հանդիպում են ագռավանման տեսակները` սերմնաքաղը, հայկական որորը, ագռավը, կաչաղակը, բացի դրանից աղբավայրերի գիշատիչ թռչունները”,- նշեց Սիլվա Ադամյանը:
Թռչունները լուրջ նշանակություն ունեն բնական շղթայի մեջ: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները. մաքրում են կրծողներից եւ միջատներից, իսկ անգղները մաքրում են լեշերից: “Կանաչ տարածքների պահպանությունը մեծ խնդիր է, թռչուններն անփոխարինելի են. ոչ մի ուրիշ կենդանի չի կարող անտառները մաքրել վնասատու միջատներից: Քանի որ նրանք նաեւ սնվում են կրծողներով, ապա նրանք լուրջ նշանակություն ունեն նաեւ գյուղատնտեսության ոլորտում` մաքրելով մեր ցանքատարածությունները վնասակար կրծողներից, որոնք լուրջ վնաս են հասցնում բերքատվությանը”,- ասաց Սիլվա Ադամյանը:
Հայաստանում թռչունների պահպանության համար պետական ծրագիր չկա: Մեր երկրում թռչունների պահպանության եւ պաշտպաբության հարցերով զբաղվում է երեք կազմակերպություն` “Հակոբյան բնապահպանական կենտրոնը”, Հայաստանի թռչունների պահպանութան միություն” ՀԿ-ն, որը Birdlife International միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում, եւ “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ն:
Ապրիլ 01, 2013 at 16:20
