Ի՞նչ սահմաններ կհաստատի կադաստրը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի համար

Ի՞նչ սահմաններ կհաստատի կադաստրը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի համար

ԷկոԼուր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի վերաբերյալ  «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի հարցերին նամակով պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը։ Նամակում ասված է․

«Հարգելի պարոն Ղազարյան,

Ի պատասխան Ձեր 2015թ-ի հունվարի 23-ի գրության, ներկայացնում եմ բարձրացված հարցերի պատասխանները։

Խնդրում եմ ներկայացնել այն կազմակերպությունների ցանկը, որոնք պետք է իրականացնեն KfW գերմանական բանկի ֆինասավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագիրը։

Գերմանական զարգացման բանկի (KfW) ֆինանսավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվել է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ինչին միջազգային կազմակերպությունների կոնսորցիումի սկզբունքով կարող էին մասնակցել նաև ՀՀ հասարակական կազմակերպությունները։

ՀՀ բնապահպանության նախարարությունը սահմանված կարգով ընդունել է մրցույթի հայտերը, ինչից հետո Հայաստան ժամանած KfW բանկի նշանակված միջազգային անկախ փորձագետն իրականացրել է տեխնիկական առաջադրանքների գնահատում և, համադրելով ֆինանսական առաջարկների արդյունքների հետ, հաղթող է ճանաչել GITEC Consult  GmbH (Germany) կազմակերպությանը։ Ներկայում ընթանում են հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու բանակցությունները։

Տրամադրեք մեզ KfW գերմանական բանկի և ՀՀ բնապահպանության նախարարության  միջև ստորագրված «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրին վերաբերվող փաստաթղթերը։

Հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո միայն ՀՀ բնապահպանությւան նախարարությունը իրավասություն կունենա տրամադրել Գերմանական զարգացման բանկի (KfW) ֆինանսավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։

ՀՀ Սյունիքի  մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և հարակից համայնքների տարածքների սահմանները ճշգրտման գործընթացի արդյունքների և աշխատանքը իրականացնող կամ իրականացրած կազմակերպությունների ցանկի վերաբերյալ։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կազմում գտնվող պահպանվող տարածքների՝ «Խուստուփ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի սահմանների ճշգրտման աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի պահպանվող տարածքների զարգացում» ՄԱԶԾ-ԳԷՀ միջին ծավալի ծրագրի շրջանակներում (2010-2014)՝ WWF-ի կողմից և համաձայնեցվել են հարակից համայնքների հետ։ Դրանք հաստատվել են ՀՀ կառավարության 2013թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ։

Ինչպե՞ս եք հիմնավորում իրար հակազդող գործունեությունը, այսինքն` բնության հատուկ պահպանվող տարածքների ներսում և հարակից տարածքներում հանքարդյունաբերություն։

ՀՀ Սյունիքի մարզի ազգային պարկի տարածքում հանքարդյունահանման աշխատանքներ չեն իրականացվում, ինչը կփաստի առաջիկայում ՀՀ կառավարության կողմից «Արևիկ» ազգային պարկի սահմանների նկարագրի և տարածքների քարտեզի հաստատումը։

2008 թվականից մինչև այսօր ՀՀ Սյունիքի  մարզի բնության պահպանվող տարածքներում իրականացված ծրագրերի դրական արդյունքները և ծրագրերը իրականացրած կազմակերպությունների ցանկը։

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացվել են․

-         ԳԷՀ-ՄԱԶԾ-ի «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագիրը /2010-2013թթ․/ որը բաղկացած էր երկու հիմնական՝ պահպանվող տարածքների օպտիմալացման և պահպանվող տարածքների ինստիտուցիոնալ հզորություններ բաղադրիչներից։ Ծրագիրն ուղղված էր բնության հատուկ պահպանվող տարածքների համար քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանը, արգելավայրերի մասին գոյություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրական բազայի բարելավմանը և մյուս օրենքներին ներդաշնակեցմանը, ինչպես նաև արգելավայրերի ինստիտուցիոնալ եւ վարչարարական բազայի վերլուծությանը։

- «Հարավային Կովկասում ռեսուրսների կայուն կառավարում» տարածաշրանային ծրագրի /2008-2011թթ․/ բաղադրիչի շրջանակներում GIZ-ի կողմից քննարկվել և համապատասխան առաջարկություններ է ներկայացվել ՀՀ Անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Մշակվել է առաջարկություններ անտառային մոնիտորինգի համակարգի ներդրման, մասնավորապես, հեռահար զոնդավորման մեթոդով անտառածածկ տարածքների հաշվառման վերաբերյալ։

- ԳԷՀ/ՄԱԶԾ-ի «Աջակցություն երկրի գործողություններին՝ ուղղված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանականերում պահպանվող տարածքների» աշխատանքային ծրագրով /2009-2010թթ․/ստեղծվել է տվյալների տարածական բազա, որն ընդգրկում է տեսակների էկոլոգիական բնութագրերը՝ ըստ պետական արգելոցների, ազգային պարկերի և արգելավայրերի։

- ԳԷՀ/ՄԱԶԾ-ի  «Հայաստանում պահպանվող տարածքների ֆինանսական կայունության խթանում» ծրագիր /2009-2017թթ․/, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի պահպանվող տարածքների երկարաժամկետ ֆինանսական կայունությունը։  

- Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային  էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագիր 2009-2013թթ-ի համար։ Ծրագիրը նպաստել է բացասական կլիմայական փոփոխությունների նկատմամբ խոցելիության նվազեցման և հարմարվողականության բարձրացման ԳԷՀ-ի հաստատած նպատակի իրագործմանը՝ շեշտը դնելով ՀՀ Սյունիքի մարզի արժեքավոր լեռնային էկոհամակարգերի պահպանության վրա։

Կանխատեսվող կլիմայական փոփոխության և դրա բացասական ազդեցությունների պայմաններում այս ծրագիրը հնարավորություն կընձեռի նվազեցնել հարավ-արեւելյան լեռնային անտառների էկոհամակարգերի խոցելիությունը։

- Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գերմանական բանկի  ֆինանսավորմամբ իրականացված բնապապանական ծրագրերը որ կազմակերպություններն են իրականացրել։

Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ KFW գերմանական բանկը Հայաստանի Հանրապետությունում իրականացրած բնապահպանական ծրագրերի մասին ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած հաշվետվություններում չի ընդգրկում գործընկեր կազմակերպությունների մասին տեղեկություններ։

 Նաև խնդրում ենք տրամադրել վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում, KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կամ մասնակցությամբ  իրականացված ծրագրերի արդյունքները և ֆինանսական հաշվետվությունները։

ՀՀ բնապահպանության նախարարությունը բացի «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրից՝ Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցում է նաև «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում։

2003թ․ սեպտեմբերի 19-ի ՀՀ բնապահպանության նախարարության  և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջեւ «Բնության և կենսաբազմազանության պահպանության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արձանագրություն «Հայաստանում Ջավախքի բարձրավանդակում պահպանվող տարածքների ստեղծման» ուղղությամբ Հայաստան Հանրապետության հետ Գերմանական ֆինանսական համագործակցության վերաբերյալ։ Իսկ 2005թ․ հոկտեմբերին ՀՀ բնապահպանության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների և Գերմանական զարգացման բանկի միջեւ ստորագրվել է «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» տարածաշրջանային հատուկ պայմանագիրը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 2․2 մլն եվրո։

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության և KFW-ի միջև 11․08․2009թ․ կնքված ֆինանսական համաձայնագրի՝ 2010թ-ին սկսվել է ՀՀ Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիրը»։ Նախապատրաստվել և անցկացվել է ծրագրի իրականացման տեխնիկատնտեսագիտական  ծրագրավորման փուլը։

Ավստրիական ECO կոնսորցիումի կողմից պատրաստվել և ներկայացվել են 3 փուլային միջոցառում, իրականացվել են պայմանագրով պլանավորված բոլոր գործողությունները, ինչի համար ծախսվել է 180․000 եվրո գումար։

Գերմանական KFW  բանկի հետ իրականացված բոլոր ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են վերոնշյալ բանկին։ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության լիազորության շրջանակից։ Դրանք կարող եք ստանալ բանկից։

-2004թ-ից մինչ  օրս KFW  գերմանական բանկի ֆինանսավորմամբ քանի ծրագիր է իրականացվել Հայաստանում, որ ծրագրերն են, ինչքան գումար է տրամադրվել բանկի կողմից ըստ ծրագրերի, որ կազմակերպություններն են իրականացրել ծրագրերը և ինչ դրական արդյունքներ են ստացել։

-Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում KFW գերմանական բանկի  ֆինանսավորմամբ ինչպիսի ծրագրեր են իրականացվել։

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի տիրապետում KFW գերմանական բանկի կողմից Հայաստանում իրականացվող բոլոր՝ ոչ բնապահպանական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությանը»։

16:35 Մարտ 03, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news