Ո՞վ ներկայացրեց հասարակայնությանը Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովում

Ո՞վ ներկայացրեց հասարակայնությանը Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովում

ԷկոԼուր

Մարտի 15-ին Բնապահպանության նախարարությունն անցկացրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Հասարակայնությանը եւ մամուլին թույլ չտրվեց որպես դիտորդ ներկա լինել մրցույթին, եւ վերջիններս չկարողացան տեղում պարզել իրենց հետաքրքրղ հարցերը: Ինչպես «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց իրավաբան Մերի Խաչատրյանը, խախտվել է կառավարության 25.01.2005թ. 224–Ն որոշումը` պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնի ընտրության մասին: Որոշման համաձայն, եթե կազմակերպությունը 100%-ով պատկանում է պետությանը, մրցութային հանձնաժողովում պետք է լինեն հասարակայնության եւ կառավարության ներկայացուցիչներ: «Մենք նախապես, մի քանի օր առաջ ուղարկեցինք մեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տվյալներ` Սիլվա Ադամյան, Մամիկոն Ղասաբյան, Արսեն Գասպարյան, իսկ քաղաքացիական սեկտորից` Մարիամ Սուխուդյան, Եղիա Ներսիսյան: ՀՀ կառավարության 224-Ն որոշման 12.1 կետում հստակ ասում է, թե ինչպես են ընտրում այդ հասարակական կազմակերպություններին: Հասարակական կազմակերպությունները կարող են դիմումներ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվելու նպատակով:  ՀՀ կառավարության աշխատակազմը ՀԿ-ների դիմումների հիման վրա ձեւավորում, վարում է տվյալների շտեմարան, որից յուրաքանչյուր մրցույթի դեպքում համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է մեկ հասարակական կազմակերպություն: Հիմա հարց ուղիղ բնապահպանության նախարարին` ապահովե՞լ եք կառավարության 224-Ն որոշման 12 եւ 12.1 կատի պահանջները, ընտրե՞լ եք արդյոք շտեմարանից այդ մեկ անձին: Այսինքն` Բնապահպանության նախարարությունը ոչ միայն իր հրամանն է խախտել. թափանցիկությունն ու հրապարակայնությունը չի ապահովել, այդ թվում եւ` կառավարության որոշումը: Էլ չեմ խոսում ՀՀ սահմանադրության  27 հոդվածի մասին»,- նշեց Մերի Խաչատրյանը:     

Այս հայտարարության հետ կապված` «ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկել Բնապահպանության նախարարությանը: Նամակում գրված է. «Խնդրում ենք, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6–րդ, 9–րդ հոդվածների համաձայն` մեզ տրամադրել 15.03.2013թ. Բնապահպանության նախարարության շենքում կազմակերպված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ–ի տնօրենի թափուր պաշտոնի համար ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամների անուն ազգանունները եւ զբաղեցրած պաշտոնները։  Արդյոք հանձնաժողովի կազմում ներկա՞ է գտնվել հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, թե ոչ։ Եթե այո, ապա հայտնեք այդ ՀԿ–ի անվանումն ու ներկայացուցչի անուն ազգանունը»:

Մարտ 18, 2013 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր