Երևանում շների համար առանձնացված զբոսայգիներ կլինեն

Երևանում շների համար առանձնացված զբոսայգիներ կլինեն

Երևանի քաղաքապետարանը  Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար  հատուկ զբոսայգիներ կստեղծի: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի: «Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց: Գիտեք, որ շատ տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիների խոտածածկ տարածքներում, խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքն արգելված է, և մենք հաճախ ենք ստանում շուն պահող քաղաքացիների արդարացի բողոքը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Ծրագրի առաջին փուլն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ: Զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար: «Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսել ենք շների վարժանքի համար նախատեսված սարքեր, առարկաներ: Ուրախ ենք, որ համայնքը համագործակցում է այս գաղափարն իրագործելու համար: Այգին երկարատև ժամանցի համար հետաքրքիր կլինի»,- ընդգծել է կենդանիների պաշտպանության «Շունչ» հիմնադրամի նախագահ Արեգ Գինոսյանը:

Զբոսայգիներում կլինեն վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների հանգստի համար:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Սեպտեմբեր 13, 2021 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր