Մաշտոցի պուրակի շինարարության հետևում կանգնած է Գագիկ Բեգլարյանը, նշում են էկոլոգները

Մաշտոցի պուրակի շինարարության հետևում կանգնած է Գագիկ Բեգլարյանը, նշում են էկոլոգները

ԱրմԻնֆո

Չնայած Մաշտոցի պուրակում շինարարության դեմ բողոքի ակցիաներին` առևտրի տաղավարների կառուցումն իրականացվում է նույնիսկ գիշերը:

Ինչպես փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է իրավաբան Մերի Խաչատրյանը, նախորդ օրը կեսգիշերին մոտ պուրակում դարձյալ վերսկսվել են շինարարական աշխատանքները: Ուշագրավ է, որ աղմուկ-աղաղակին ոչ մի կերպ չի արձագանքել շինարարության անմիջական հարևանությամբ գտնվող հիվանդանոցի և ծննդատան ղեկավարությունը: Իրավաբանի ասելով` գիշերը տաղավարների մոտ հերթապահում են ոստիկանները, որպեսզի կանաչ ակտիվիստները չխանգարեն շինարարական աշխատանքներին: Խաչատրյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչ օրս ցանկություն չի հայտնել հանդիպելու ակտիվիստների հետ և լսելու նրանց: ՙՆրա փոխարեն մենք մշտապես ստիպված ենք շփվել բարձրաստիճան ոստիկանների հետ՚, - նշել է իրավաբանը:

Նման զվարճալի իրավիճակը, երբ Մաշտոցի պուրակում իրավակարգի պահապանները կանգնել են ուս-ուսի, այնտեղ բերելով տասնյակ ոստիկանական մեքենաներ, կարծես, ունի իր բացատրությունը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի ասելով, տաղավարների տերերը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու տրանսպորտի և կապի նախկին նախարարար Էդուարդ Մադաթյանն են: «Հեմանայն դեպս, հենց այդ անուններն են նշվում ԶԼՄ-ներում», - ասել է նա: Սկանդալային պատմությունը տրամաբանական վախճանին հասցնելու համար Դանիելյանն առաջարկել է քննարկումներ անցկացնել տաղավարների սեփականատերերի հետ:

Դա կլիներ նաև իրավաբանորեն հիմնավորված, քանի որ քաղաքապետարանն իրավունք ունի կասեցնել սեփականատերերի հետ պայմանագրի գործողությունը, դադարեցնել շինարարական աշխատանքները և անցկացնել հանրային լսումներ: Սակայն, դատելով միայն ճարտարապետ Լևոն Իգիթյանի արձագանքից, ով Երևանի ավագանու խորհրդի կազմում է, դա անիրատեսական է թվում: «Ես հավատում եմ, որ այդ տաղավարները ժամանակավոր բնույթ են կրում: Ինչու՞ են բետոնից կառուցում: Հապա ինչ է, պետք է գետնի՞ն կառուցեն: Եկեք փողոցային պատերազմներ չսարքենք: Ես ակտիվիստներից ոմանց ճանաչում եմ, նրանք եղել են իմ ուսանողները, ընդ որում` բավականին միջակ: Ես Մաշտոցի պուրակում չեմ եղել: Ծառերը տուժու՞մ են շինարարությունից: Որեմն` ինչ է, ես հիմա պետք է ծառերով զբաղվեմ», - ասել է Իգիթյանն այսօրվա մամուլի ասուլիսում:

Փետրվար 21, 2012 at 17:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր