

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպան Անդրիաս Վենթերին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման նպատակն էր Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում կայանալիք Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 17-րդ համաժողովից առաջ ճշտել մեր երկրի դիրքորոշումը քննարկվելիք հիմնական հարցերի վերաբերյալ: Համաժողովում իրենց կարևորությամբ առանձնանում են երկու առանցքային հարցեր` Կիոտոյի արձանագրության առաջին ժամանակահատվածի ավարտից հետո (2012թ-ից հետո) նրա իրավական շարունակումը, 2. Կոնվենցիայի շրջանակներում հետագա երկարաժամկետ համատեղ գործողությունների վերաբերյալ նոր արձանագրության ընդունումը:
Հայաստանի Հանրապետությունը եւ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը կոնվենցիայի շրջանակներում դիտվում են որպես զարգացող երկրներ և ունեն բազմաթիվ ընդհանրություններ ու նմանատիպ մոտեցումներ քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Երկու երկրները կողմ են, որպեսզի Կիոտոյի արձանագրությունը շարունակի գործել նաև 2012թ-ից հետո` մինչև իրավական նոր փաստաթղթերով հարցի կարգավորվելը: Դեսպան Անդրիաս Վենթերը և նախարար Արամ Հարությունյանը հույս են հայտնել, որ Դուրբան քաղաքում կայանալիք համաժողովի ընթացքում կհաջողվի հասնել որոշակի համաձայնությունների, ինչի արդյունքում հնարավոր կլինի շարունակել մեր երկրների արդյունավետ գործունեությունը կլիմայի փոփոխության հետ առնչվող հարցերում:
Սեպտեմբեր 28, 2011 at 15:27
