Սահմանադրության նախագծից հանվել են մարդու իրավունքները

Սահմանադրության նախագծից հանվել են մարդու իրավունքները

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին կանցկացվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ՀՀ Սահմանադրությունը մեր երկրի հիմնական օրենքն է, և այստեղ են սահմանված ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները: Ներկայացված Սահմանադրության նախագծում ի սպառ վերացել է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը, որը սահմանված է գործող Սահմանադրության 33.2 հոդվածով:

«Սա հիմնարար իրավունք է և չի կարելի գրչի մեկ հարվածով զրկել մեր քաղաքացիներին այս հիմնարար իրավունքից: Այն Սահմանադրության մեջ տեղ գտավ 2005 թվականին հասարակական կազմակերպությունների մեծ ճնշման արդյունքում:  Մինչև 2005 թվականն այս նորմի բացակայությունը բերում էր նրան, որ խախտվում էին քաղաքացիների իրավունքները՝ սահմանված Օրհուսի կոնվենցիայով: Մենք, որպես փաստաբաններ, երբ դատարան էինք դիմում, դատարանն ընդհանրապես մերժում էր բնապահպանական ոլորտի գործի ընդունումը և ասում էր, որ դուք ոչ պատշաճ հայցվոր եք, և ձեր որևէ իրավունք չի ոտնահարվել: Չկար որևէ նորմ, որ մենք ասեինք, որ մեր այս սահմանադրական իրավունքը ոտնհարավել է: Եթե չկա այդ նորմը, որ մենք ունենք առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք, նշանակում է, որ մեր քաղաքացիներն ընդհանրապես իրավունք չեն ունենալու դիմելու դատարան», - ասաց  «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը հոկտեմբերի 9-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նազելի Վարդանյանը նշեց, որ Սահմանադրության նախագծում նվազեցված է  հանրային իշխանությունների դերը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Այս մասին վկայում է հոդված 11-ը:

«Հոդվածում նշված է, որ հանրային իշխանությունները խթանում են շրջակա միջավայրի պահպանությունը: Այստեղ նվազեցրել են հանրային իշխանությունների դերը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, որովհետև «խթանել» բառը իրավական կատեգորիա չէ, իր վրա իրավական ծանրաբեռնվածություն չի կրում և որևէ պարտավորություն չի նախատեսում հանրային իշխանությունների համար: Հանրային իշխանություններն ոչ թե պետք է խթանեն, այլ երաշխավորեն և ապահովեն, ինչպես նշված է գործող սահմանադրության 10-րդ հոդվածում», - ասաց Նազելի Վարդանյանը:

Ուշագրավ է, որ հանրային իշխանությունների վրա դրված է խթանել շրջակա միջավայրի պահպանությունը, իսկ յուրաքանչյուր քաղաքացու վրա դրված է պարտավորություն հոգ տանելու: Ակնհայտ անհամաչափ կերպով են ներկայացված հանրային իշխանությունների և քաղաքացիների իրավունքները:

Հոդված 11-ում նշված է, որ պետք է ղեկավարվել «կայուն զարգացման սկզբունքներով: Ինչպես նշեց Ն. Վարդանյանը, ոչ մեր օրենսդրությամբ, ոչ էլ միջազգային նորմում տրված չէ կայուն զարգացման սահմանումը, և ընդհանրապես որևէ սկզբունք սահմանված չէ: Հետևաբար, այն դեկլարատիվ բնույթ է կրելու, և ընդհանրապես չի գործելու:

Այս նույն հոդվածում նշված է. «Հաշվի առնելով պատասխանատվություն ապագա սերունդների հանդեպ»: Ըստ Նազելի Վարդանյանի, սա նույնպես անհասանալի է, որովհետև պատասխանատվություն ապագա սերունդների հանդեպ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ այլ ակտերով սահմանված չէ: Հետևաբար, սա նույնպես դեկլարատիվ բնույթ է կրում և դրանով նվազեցվում է շատ կարևոր մի ինստիտուտ՝ պատասխանատվության ինստիտուտը, որը իրավական ինստիտուտ է և պետք է հստակ սահմանվի՝ ինչ պատասխանատվություն է կրում ապագա սերունդների հանդեպ:

Հաջորդ մտահոգող հոդվածը նախագծի 50-րդ հոդվածն է, որը վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին: Այնտեղ նշված է. «Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասության ոլորտին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունք ունի»:

«Մենք գտնում ենք, որ, գործունեության մասին նշելով, նեղացվում է տեղեկատվության ոլորտը: Պետք է նշվի այդ անձանց «իրավասության ոլորտին առնչվող», որովհետև ոլորտն ավելի լայն է, քան գործունեությունը: Այս հոդվածում բացակայում է էկոլոգիական և առողջապահական տեղեկատվությունը, պետական և կոմերցիոն գաղտնիք լինելու արգելքը: Ես կարծում եմ, որ պետք է  լինի սահմանադրական նորմ և հստակ նշված լինի, որ բնապահպանական և առողջապահական տեղեկատվությունը չի կարող պետական կամ կոմերցիոն գաղտնիք հանդիսանալ: Բացի դրանից, նախկինում 33.2 հոդվածում նշված էր, որ պաշտոնատար անձիք կրում են պատասխանատվություն տեղեկատվություն չտրամադրելու համար: Այժմ այս հոդվածում նույնպես բացակայում է այդ նորմը», - ասաց Նազելի Վարդանյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը համաձայն է Ն. Վարդանյանի կողմից բարձրացված հարցերի հետ, բացառությամբ մի հարցի՝ կապված «կայուն զարգացման» հետ: Դանիելյանի խոսքով՝ սա արդեն նորմ է, որը ՄԱԿ-ի փաստաթղթերում հստակ ձևակերպված է, և այն զարգացումն է, որը ապահովում է տնտեսական, էկոլոգիական, սոցիալական առաջնայնությունների ներդաշնակությունը:

Կարինե Դանիելյանը նշեց, որ երբ ՀՀ Հանրային խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինքը բարձրաձայնել է վերոնշյալ խնդիրները: Ի պատասխան Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նշել է, որ բոլոր բարձրացված խնդիրները կարգավորելու են օրենքներով, և այդքան առանձին մանր խնդիրներ Սահմանադրության մեջ չպետք է լինեն:

«Եթե Սահմանադրության մեջ չկա այդ նորմը, այլ օրենքներում դա չի կարող լինել, որովհետև այստեղ հակասություն կլինի Սահմանադրության հետ: Հիմնարար իրավունքները սահմանվում են հիմնական օրենքով, և դա մեր երկրում ՀՀ Սահմանադրությունն է», - արձագանքեց Նազելի Վարդանյանն ու հավելեց. «Բնապահպանության նախարարության հիմնական ֆունկցիան է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը: Եթե Սահմանադրությամբ ինքը չի պահպանում, ինչի՞ պահել այդ կառույցը, իմ վրա նստացնել իրենց աշխատավարձի բեռը»:

Նազելի Վարդանյանը նաև նշեց, որ Սահմանադրության նախագիծը ներկայացվել և հաստատվել է շատ սեղմ ժամկետներում, այն չի դարձել քննարկման լայն առարկա, հնարավորություն չի տրվել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հայտնել իր կարծիքը և անել իր առաջարկությունները:

Ի հավելումն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության նախագծից վերացել են մեր իրավունքները, և բոլոր հետևանքները մենք կզգանք ամենամոտ ժամանակներում:



Հոկտեմբեր 12, 2015 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր