Բենզին մարդկանց քթի տակ

Բենզին մարդկանց քթի տակ

ԷկոԼուր

Սայաթ-Նովա պողոտայի եւ Չարենցի փողոցի հատման մասում տեղադրված «Արփի եւ Սարգիս» ՍՊԸ-ի բենզալցակայանը գործում է օրենքի խախտմամբ եւ վնասում է մարդկանց առողջությունը: Այս մասին փետրվարի 6-ին Երեւանի Օրհուս կենտրոնին տեղեկացրել են  Երեւանի բնակիչներ Հարություն Խաչատրյանը եւ Հովհաննես Շամրիկյանը: Բնակիչների դիմումի համաձայն` Երեւանի Չարենցի փողոցի 59 եւ 61 տների անմիջապես հարակից տարածքում տեղակայված բենզալցման կետի աշխատանքի հետեւանքով խախտվում է իրենց` առողջ եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը: Նրանք որպես հիմնավորում ներկայացրել են 08.01.2011թ. Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Ա.Մարգարյանի կողմից տրված թիվ 15/01-Ը-32 գրությունը, ըստ որի բենզալցակայանի շինությունը եւ զբաղեցրած հողամասը պետական գրանցում չեն ստացել, ինչպես նաեւ 22.09.2011թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԵՀՏ պետ Ա.Հարությունյանի կողմից տրված թիվ 601 գրությունը, որ «Արփի եւ Սարգիս» ՍՊԸ-ն  գործունեություն է իրականացնում հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով. բնակավայրից բենզալցակայանը պետք է լինի 25մ-ից ոչ պակաս հեռավորություն վրա: Բնակիչների վկայությամբ, այն  իրենց տնամերձ հողատարածքից գտնվում է 2 մետր եւ տնից 8 մետր հեռավորության վրա:  Հարություն Խաչատրյանը Օրհուս կենտրոն է ներկայացրել  նաեւ 12.04.2011թ. պոլիկլինիկայի կողմից նրան տրված փաստաթուղթ, ըստ որի քաղաքացին տառապում է ալերգիկ հիվանդություններով, որոնք առաջանում են բենզինի գոլորշու հետեւանքով:

Երեւանի քաղաքապետարանի` առեւտրի եւ սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Եդոյանը բնակիչներին գրավոր տեղեկացրել է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ներկայումս իրականացվում է փաստաթղթերի հավաքագրման գործընթաց, որից հետո հայցադիմում կներկայացվի դատարան Չարենցի փողոց հ.հ. 59 եւ 61 տների դիմաց գտնվող բենզալցավորման կետի ապամոնտաժման վերաբերյալ:

Բնակիչների դիմումի հիման վրա Երեւանի Օրհուս կենտրոնը նամակ է ուղարկել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Գյանջումյանին`Չարենցի  փողոց 59 եւ 61 տների հարակից տարածքում տեղակայված բենզալցման կետի ապամոնտաժման պահանջով:

Նշենք, որ փետրվարի 13-ին Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է:

Փետրվար 14, 2012 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր