Վրաստանի բնապահպանական կազմակերպությունները երկրի նախագահից պահանջում են հակասահմանադրական օրենքի մշակման համար հեռացնել նախարարին

Վրաստանի բնապահպանական կազմակերպությունները երկրի նախագահից պահանջում են հակասահմանադրական օրենքի մշակման համար հեռացնել նախարարին

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը Վրաստանից հաղորդագրություն է ստացել, որ Վրաստանի բնապահպանական կազմակերպությունները նախագահ Միխաիլ Սահակաշվիլիից պահանջում են աշխատանքից հեռացնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրիին, վետո դնել մարտի 20-ին խորհրդարանի կողմից արագացված ռեժիմով ընդունված «Շրջակա միջավայրի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի վրա:

Ա. Խետագուրիի մշակած այդ օրենքը, ըստ Վրաստանի բնապահպանական կազմակերպությունների, հակասահմանադրական է. բիզնեսին թույլ է տալիս շրջակա միջավայրը վնասելու համար պատասխանատվություն չկրել: «Այդ օրենքը թույլ է տալիս շահագրգիռ անձանց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ պայմանագիր կնքելու դեպքում հանգիստ թունավորել ջուրը, հողը, ոչնչացնել անտառը, եւ այդ ամենի համար նա պատասխանատվություն չի կրելու»,- www.apsny.ge կայքին հայտնել է Էկոլոգիական իրավունքի կենտրոնի իրավաբան Նիկոլոզ Մժավանաձեն:  Բիզնեսը, համաձայնագիր կնքելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ, կարող է բնությանը պատճառված վնասը  պարզապես փոխհատուցել եւ պատասխանատվության չենթարկվել, ինչի արդյունքում կանտեսվի Վրաստանի  «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի մոտ 100 հոդված:

Այս հարցի առնչությամբ միանգամայն այլ կարծիքի են Վրաստանի իշխանությունները: www.ekhokavkaza.com կայքին տված հարցազրույցում Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Նինո Էնդուկիձեն նշել է, որ օրենքի փոփոխությունները վերաբերվում են արդեն իսկ կատարված իրավախախտումներին: Այսինքն` տարիների ընթացքում բնությանը վնաս հասցրած գործարարը այժմ պետք է փոխհատուցի վնասը եւ վերականգնողական աշխատանքներ կատարի: Բնապահպանները չեն հավատում, որ օրենքը վերաբերում է միայն կատարված հանցագործություններին: Նրանց խոսքերով` օրենքում ընդհանրապես բացակայում է ժամանակի հասկացողությունը:

Մարտ 30, 2012 at 18:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր