Մաշտոցի այգու պաշտպանները դատապարտել են «Արմենիա» հեռուստաընկերության ռեպորտաժը

Մաշտոցի այգու պաշտպանները դատապարտել են «Արմենիա» հեռուստաընկերության ռեպորտաժը

ԷկոԼուր

Մաշտոցի այգու պաշտպանները արտահայտել են իրենց դժգոհությունը մայիսի 6-ին  «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման վերաբերյալ: Հաղորդումը նվիրված էր Մաշտոցի այգու իրադարձություններին: «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանն ուղղված բաց նամակում մասնավորապես ասված է. «Հարկավ, Ձեր հեռուստաընկերությունը ևս ձգտում է անաչառ լինելու համբավ ունենալ: Սակայն այդպիսի համբավ և համապատասխան հեղինակություն հնարավոր է ձեռք բերել միայն դեպքերի և իրադարձությունների անաչառ ու հավասարակշիռ լուսաբանմամբ: Ս. թ. մայիսի 6-ին` ժամը 22.00-ի շուրջ, «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում եթեր է հեռարձակվել Մաշտոցի այգու իրադարձությունների և մասնավորապես ապրիլի 29-ին ոստիկանության կողմից կատարված անօրինականությունների և բռնությունների վերաբերյալ խիստ կողմնակալ ռեպորտաժ, որտեղ խեղաթյուրվում և գլխիվայր են ներկայացվում փաստերը, դեպքերի ու իրադարձությունների ժամանակագրությունները, մոնտաժվել ու միացվել են տարբեր իրավիճակների կտորներ և այլն: Մենք դատապարտում ենք Ձեր հեռսուստաընկերության կողմից իրականացված կողմնակալությունը և կեղծիքները և պահանջում հանդես գալ հայտարարությամբ` հերքելու մեր նկատմամբ իրականացված զրպարտանքը, կամ եթեր տրամադրել մեզ, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր տեսակետը և հերքել մեր հասցեին հնչած զրպարտանքը: Հակառակ պարագայում մենք բոլոր հիմքերը կունենանք համոզվելու, որ Ձեր հեռուստաընկերությունը վարվել է շահադիտական դրդումներով և կողմնակալ հաղորդում է եթեր հեռարձակել: Այդ համոզմունքը, բացի վերը նշված աչառու հաղորդումից, մեկ ուրիշ հիմք էլ ունի. «Արմենիա» հեռուստաընկերությունը ոչ մի անգամ չի լուսաբանել ցուրտ եղանակին` ձյան ու անձրևի պայմաններում, 80 օր շարունակ գիշեր-ցերեկ Մաշտոցի այգում հանուն հանրային իրավունքների, օլիգարխիայի ու վարչական մեքենայի ահռելի ուժի ապօրինությունների դեմ դուրս եկած հանրության քաղաքացիական պայքարը:

Մեզ եթեր չտրամադրելու և մեր պատրաստած տեսանյութը չցուցադրելու պարագայում «Արմենիա» հեռուստաընկերությունը կսպառի վստահության այն չափաբաժինը, որից այն կողմ նրա կողմնակալ լինելու մասին համոզմունքն է: Մենք հետևողական ենք լինելու այս հարցում, որ հարգվի ազատ ու անկողմնակալ արտահայտվելու մեր իրավունքը:

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն 

Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն 

Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն 

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ»:

Մայիս 10, 2012 at 01:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր