

ԷկոԼուր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքը իմիտացիոն բնույթ ունի: Եւ ինչպես Հայաստանի բոլոր իմիտացիոն գործընթացները, այն նույնպես այդ տեսանկյունից մեծ վտանգ է ներկայացնում: Օրենքը չի լուծում `կայուն զարգացման մեխանիզմների կարգավորման հարցը: Հետեւաբար, մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի ոչնչացման, սահամանադրական իրավունքների խախատման հաշվին այն ակտիվորեն կօգտագործվի` գերշահույթ ստանալու համար:
Սա «ԷկոԼուր»-ի դիրքորոշումն է, որն աջակցում է փետրվարի 14-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման դեմ ուղղված բողոքի ակցիային:
Փետրվարի 14-ին Մաշտոցի այգու մոտից մեկնարկեց կանաչ շարժման ակտիվիստների բողոքի երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր: Բնապահպան ակտիվիստները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել փետրվարի 6-ին Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը եւ հետ վերադարձնել ԱԺ:
Նախագահի նստավայրի մոտ ակտիվիստները հանդիպեցին նախագահի ներկայացուցչին, ում եւ հանձնեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը:
Ակցիայի շրջանակներում անցկացվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի դեմ ստորագրահավաք:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ այս օրենքում կատարված փոխությունների նպատակն է բարելավել գործարար միջավայրը: Հասարակության բողոքի արդյունքում խորհրդարան մտած օրինագիծն առաջին ընթերցումն անցնելուց հետո լրամշակվեց, իսկ փետրվարի 6-ին ընդունվեց: Սակայն բնապահպանները գոհ չեն նաեւ լրամշակված օրենքի այս տարբերակից եւս: Ըստ բնապահպանների` նշված օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին: Օրենքով թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառհատումներ` առանց հասարակական լսումների եւ փորձաքննության անցկացման: Հասարակությունը գործնականում մեկուսացվելու է որոշումների կայացմանը մասնակցելու գործընթացից, հնարավորություն չի տրվելու բողոքարկել կայացված որոշումները: Չի իրականացվելու շրջակա միջավայրին հասցված էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում, մոտ 10 անգամ կրճատվելու են հասարակական լսումների և փորձաքննության ժամկետները եւ այլն:
Փետրվար 14, 2012 at 17:07








