

ԷկոԼուր
Փետրվարի 14-ին` ժամը 13:00-ին, Մաշտոցի այգու մոտից կմեկնարկի կանաչ շարժման ակտիվիստների բողոքի երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր: Ակտիվիստները նախագահին կփոխանցեն փետրվարի 6-ին Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրինագիծը չստորագրելու եւ կրկին հետ վերադարձնելու մասին իրենց պահանջը:
«Նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին:
Մեր պահանջը չկատարելու պարագայում մենք կհանգենք այն հետեւության, որ Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից եւ ձեռք կառնենք այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ:
ՇՄԱՓ օրինագծի վտանգների հակիրճ նկարագրությունը`
Թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառհատումներ` առանց հասարակական լսումների և փորձաքննության անցկացման - Սա նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու կարող են անսահմանափակ քանակությամբ անտառ հատել:
Հասարակությունը մեկուսացվել է որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից: Հակառակ Թեղուտի գործի շրջանակներում Օրհուսի կոմիտեի պահանջի, այս օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն: Այսինքն, հասարակությունն ըստ էության լիովին մեկուսացված է «որոշումների կայացման» գործընթացից և կարող է ընդամենը կարծիք հայտնել:
Հասարակությանը հնարավորություն չի տրվում բողոքարկելու կայացված որոշումները, թեև Օրհուսի կոմիտեն հստակ և ընդգծված կերպով սահմանել է, որ շահագրգիռ հասարակությունը (ազդակիր համայնք, բնապահպանական ՀԿ-ներ և այլն) պետք է ունենան բնապահպանական հարցերով դատարան դիմելու իրավունք, այս օրինագիծը չի նախատեսում նման հնարավորություն:
Շրջակա միջավայրին հասցված էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում չի իրականացվելու – Հենց էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկի մեխանիզմի բացակայությունը հնարավորություն ստեղծեց Թեղուտի հանքի շահագործման համար (Թեղուտում մի հսկայական տանձենին գնահատվել է ընդամենը 1000 դրամ, Շնող գետը գնահատվել է ընդամենը 175 հազար դրամ եւ այլն):
Մոտ 10 անգամ կրճատվել են հասարակական լսումների և փորձաքննության ժամկետները - Նման մոտեցումը մասնագետին ու փորձագետին զրկում է որակյալ փորձաքննություն անելու հնարավորությունից:
ՇՄԱՓ օրինագիծն ուղղակիորեն վերաբերում է նաեւ քաղաքային այգիներում ու պուրակներում իրականացվող շինարարության հետ: Էդ տարածքներում իրականացվող գործունեության տեսակներն ընդգրկված են չարաբաստիկ «Գ» կատեգորիայի մեջ: Օրինագծի 4-րդ հոդվածից մեջբերում եմգործունեության այն տեսակները, որոնք իրականացվելու են հանրային կանաչ տարածքներում`
1.Զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառպուրակներ կամ պահպանվող տարածքներում հանգստի գոտիներ կամ օբյեկտներ:
2.Քաղաքաշինական կառույցներ` 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով կամ կառույցներ, որոնք նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:
Հիշեցնեմ, որ «Գ» կատեգորիայում ընդգրկված գործունեության տեսակները գործնականում հասարակական լսումներ չեն անցնում, դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացություն չի տրվում, պետական փորձաքննության չեն ենթարկվում»,- ասված է Facebook սոցիալական ցանցում տարածված ակտիվիստների հաղորդագրության մեջ:
Փետրվար 13, 2012 at 14:44
