

ԷկոԼուր
«Ընտրական ցուցակների այլ անճշտությունները՝ ոստիկանության ոչ լիարժեք աշխատանքի հետևանք է»,- այսպիսի գնահատական տվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2012 թվականի ՀՀ ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի արտահերթ զեկույցում: Զեկույցի համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ընտրողների ցուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ստացել է 25 ահազանգ, իսկ ՀՀ ոստիկանությունը` 6.411 տեղեկություն: Ահազանգերից միայն 5.668-ը վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց: 3.818 անձանց դեպքում կատարվել են ուղղումներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զեկույցում տվել է հետեւյալ գնահատականները. «Ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության անվստահության էական պատճառներից մեկը ընտրողների ցուցակների անճշտություններն են, և ընտրական ցուցակներում Հայաստանից երակարատև բացակայող անձանց տվյալների պահպանումը: Հայաստանում երկար ժամանակ փաստացի չբնակվող անձանց տվյալները ընտրողների ռեգիստրում պահպանելը օրենքի պահանջն է: Մահացած անձանց անունները ընտրական ցուցակներում պահպանելը ըստ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության եղել է ծրագրային ապահովման խնդիր, որը մինչ ընտրությունների օրը շտկվել է: Ընտրական ցուցակների այլ անճշտությունները՝ ոստիկանության ոչ լիարժեք աշխատանքի հետևանք է: Ընտրական ցուցակների հետ կապված նշված խնդիրներն ինքնին չեն վկայում ընտրակեղծարարության մասին, սակայն այդ խնդիրները քաղաքական շահարկումների առիթ են տալիս և խորացնում հանրության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Միևնույն ժամանակ այդ խնդիրների առկայությամբ ձևավորված ընտրական ցուցակները կարող են լայն հնարավորություններ ստեղծել ընտարկեղծարարության համար:
Շատ դրական է ոստիկանության կատարած լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում այս ընտրությունների ընթացքում չափազանց փոքր է եղել այն անձանց թիվը, ովքեր ունենալով քվեարկելու իրավունք՝ չեն ընդգրկվել ընտրական ցուցակներում: Բացի այդ, ոստիկանությունը դրսևորել է ընտրական ցուցակների հետ կապված բոլոր իրավաչափ պահանջներին և հիմնավոր տեղեկություններին արձագանքելու աննախադեպ պատրաստակամություն: Ողջունելի է նաև ոստիկանության հրապարակային գործելաոճը ընտրական ցուցակների առնչությամբ ծագած բոլոր խնդիրների դեպքերում:
Հաշվի առնելով նշված հանգամանքներն անհրաժեշտ է շարունակել դրական միտումները ոստիկանության աշխատանքներում և սկսել հանրային քննարկումներ Հայաստանում երկար ժամանակ չբնակվող անձանց ընտրական ռեգիստրից հանելու նպատակով օրենսդրական փոփոխությունների ընդունման հնարավորությունների վերաբերյալ»:
Լուսանկարը` www.ombuds.am կայքի
Հունիս 29, 2012 at 14:14
