«Գոմք» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գոմք» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գոմք» փոքր ՀԷԿ: «Գոմք» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ համայնքի Գոմք գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի Կապույտ վտակի վրա, որի երկարությունը 21 կմ է: «Գոմք» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՆատԷներգո 68» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Գոմք» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2016 թ-ին:

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45035'30,3''Y=39037'14,0'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=1870մ է: Ջրահեռացման կոորդինատներն են`Х=45034'37,2'', Y=39038'13,6'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=1568մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 294.7 մ է, ըստ ՓՀԷԿ-ի ներկյացուցչի, 300մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 293մ է, ըստ նախագծի, 296մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և փոփոխված նախագծի, 1,4 մ3/վ է: Ըստ ՓՀԷԿ-ի աշխատակցի` առավելագույնը ՓՀԷԿ-ը կարող է օգտագործել 1,2 մ3/վ ջրաքանակ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ փոփոխված նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3220 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 7.335 մլն. ժամ է, ինչը, ըստ փոփոխված նախագծի, կազմում է նույն ցուցանիշը: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 8/30/2016-30.06.2030թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 06.08.2015-30.08.2016 թթ.:

• Նախագծով նախատեսված է ջրթափային՝ 9.5 մ թռիչքով պատվար` 2 մ բարձրությամբ: Իրականում գլխամասում կառուցված էր բետոնե ջրթափ պատվար, ջրահավաք ավազան, տղմազտարան: Ավազանը ջրընդունիչի աջակողմյան հատվածում է, ձկնանցարանը` ձախակողմյան:

• Նախագծով նախատեսված է եղել բազմաստիճան, 9 սեկտորով ձկնանցարան` 14.5մ երկարությամբ, 1.5մ լայնությամբ: Իրականում կառուցված էր` գերմանական «Ֆիխտներ» ընկերության կողմից ձկնուղիների հաշվարկային մեթոդիկայով մշակված և նախագծված ձկնանցարան: (Նման ձկնանցարան ունի «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-ը):

• Բետոնե, մետաղե հիմքով ձկնանցարանը կասկադային է`կազմված 3 մասից /հուներից/, որոնցից առաջինն ունի 5 խուց, երկրորդը` 5, երրորդը` 19: Յուրաքանչյուր խուց ունի 150 սմ երկարություն, 156 սմ լայնություն և 116 սմ բարձրություն: Խցերն իրարից անջատված են միջնորմներով, որոնց ստորին մասում կան 25X25 սմ չափերով ճեղքեր` նախատեսված ձկների տեղաշարժի համար: Երրորդ, ամենաերկար, 19 խցից բաղկացած ձկնանցարնանն ունի 30 մետր երկարություն: Նրա բարձրությունը մի կողմից 160 սմ է, իսկ մյուս կողմից` 300 սմ:

• Նախագծով նախատեսված է եղել ձկնապաշտպան ցանց: Իրականում կառուցված էր աղբորսիչ 2 ցանց` 145 սմ երկարությամբ, 180 սմ բարձրությամբ, 3.5-4.5 սմ` ճեղքերի լայնությամբ:

• Կապույտ գետում ձկնատեսակներ չեն հայտնաբերվել: Հնարավոր է, որ ջրի կազմի բաղադրության պատճառով այստեղ ձուկ չի բարձրանում, ինչը պետք է ստուգել ջրաքիմիակենսաբանական մեթոդներով: Պատվարից վերև գտնվում է Կապուտակ լիճը, որտեղ սիրող-ձկնորսների և տեղաբնակների կողմից բաց են թողնվել ձկներ, և որոնք այնտեղ մինչ այժմ էլ ապրում են:

• Ըստ ՋԹ-ի` «Գոմք» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել շուրջ տարի` գետում ապահովելով` 0,021 մ3/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին փոքր ՀԷԿ-ը չէր աշխատում: Բանպահպանական ելքն ապահովված էր:

• Ըստ փոփոխված նախագծի և ՀԾԿՀ-ի տվյալի`ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծը 1200 մմ է, երկարությունը` 4105 մ:

• Կապույտ գետի վրա կառուցված «Գոմք» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 19.54 տոկոս:

• Կայանում տեղադրված է չինական արտադրության 2 հիդրոագրեգատ, տուրբինները շերեփավոր են, գեներատորները` սինքրոն: Ագրեգատները կարող են աշխատել միայն ջրառատ սեզոնին: 500 լ/վրկ-ից պակաս ջրաքանակի դեպքում հիդրոագրեգատը չի կարող աշխատել: Նախատեսվում է ևս մեկ հիդրոագրեգատ տեղադրել, որը կաշխատի քիչ ջրաքանակով: ՓՀԷԿ-ը դրվածքային հզորությունն ապահովում է 4 ամիս:

• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 2 տրանսֆորմատոր:Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:

• ՓՀԷԿ-ի տարածքում իրականացվում էին բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Իրականացվել էր ծառատունկ:

• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված են:

• Դիտարկամն պահին կառուցվում էր անջրթափանց հորով զուգարան:

• Ջրառի կետում առկա էր ջրաչափական քանոն, ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում էր:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գոմք» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է միայն նոյեմբեր ամսին` արտադրելով 142453 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 11 հոգի, որից 8-ը`Գոմքից:

• Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի` որպես սոցիալական ծրագրեր իրականացրել են ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, օգնություն, տեխնիկա են տրամադրել դպրոցի աշակերտներին, մանկապարտեզին:

Առաջարկություններ

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:

- ՓՀԷԿ-ի ագրեգատները վերազինել ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով, որի միջոցով` անգամ քիչ ջրաքանակով աշխատանքի դեպքում կայանում կապահովվի բարձր արդյունավետություն:

- Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

- Կայանային հանգույցի տարածքում իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, տարածքից հեռացնել կուտակված տարբեր տեսակի թափոնները:

- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով` անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայան միջոցով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Մարտ 13, 2018 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր