Կառավարությունը արտոնություններ տվեց Աստղաձորում և Արագածոտնում արևային կայաններ կառուցող ընկերություններին

Կառավարությունը արտոնություններ տվեց Աստղաձորում և Արագածոտնում արևային կայաններ կառուցող ընկերություններին

ՀՀ կառավարության 2021թ. հունիսի 3-ի 909 - Ա և 907 - Ա որոշումներով «Բարի արև» և «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ներն արևային կայանների կառուցման նպատակով անհրաժեշտ սարքերի ու ապրանքների ներմուծման արտոնություններ ստացան: 

«Բարի արև»-ը նախատեսում է կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ երեք արևային կայան, երկուսը՝ Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում, մեկը՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում: Ընկերությունը Հայաստան է ներմուծել 718 միլիոն դրամի ապրանք:  Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմել է 67 միլիոն դրամ:

Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 միլիարդ դրամ։ Ներդրումների մոտ 80%-ն արդեն իսկ իրականացվել է, այդ թվում՝ ծրագրի շրջանակներում 76 միլիոն դրամով հողամասեր են ձեռք բերվել, իրականացվել է շինարարություն և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված է  871 միլիոն դրամի էլեկտրաէներգիայի արտադրություն, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի տարածքում:

ՀՀ կառավարության մյուս որոշմամբ էլ 3 տարի ժամկետով երկարաձգվեց երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան կառուցող «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ի կողմից 2021թ. ընթացքում 250 միլիոն դրամ արժողությամբ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Կայանները կառուցվելու են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ Ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել շուրջ 9․6 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ-ին։ 

Ներդրումների մոտ 80%-ն արդեն իսկ իրականացվել է, ձեռք են բերվել հողամասեր, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ: Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1․6 միլիարդ դրամ։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 միլիոն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի տարածքում։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: 

 

Հունիս 04, 2021 at 14:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր