Հայաստանում ցանկացած սպառող կարող է ցանկացած արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա. նախկինում կարող էր ստանալ միայն ՀԷՑ-ից

Հայաստանում ցանկացած սպառող կարող է ցանկացած արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա. նախկինում կարող էր ստանալ միայն ՀԷՑ-ից

www.news.am

2023 թվականի փետրվարի 1-ից ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի շուրջ 20 տոկոսը (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) կգործի ազատ շուկայական կանոններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` ներկայացնելով 2018թ-ից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման վերջին արդյունքները։

«Հիմնական կոնցեպտը մենաշնորհից մրցակցության անցումն է։ Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռնվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարին։ Այսինքն` սպառողը հնարավորություն կունենա ընտրելու մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի։ Կոմերցիոն սպառողների դեպքում հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ինքնուրույն հանդես գալ շուկայի մեծածախ սեգմենտում ու անմիջապես արտադրողից էլեկտրաէներգիա գնել։ Մյուս հնարավորությունն է` շարունակել մնալ ՀԷՑ–ի սպառող՝ կարգավորվող գներով»,– ասաց Բաղրամյանը։

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար. «Արդեն ունենք ստացած 12 մատակարարման լիցենզիա, որոնք ունեն իրենց սպառողներն ու այլևս կարգավորվող սակագներով չեն, սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։ Ունենք 12 մեծածախ առևտրի լիցենզիա, սա ևս մի բարեփոխման հետևանք է, որ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, և դրա արդյունքում էապես ավելացել է արտահանումը։ Այդ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում»,- ասաց Բաղրամյանը։

Նա ընդգծեց, որ օրենսդրական հնարավորություն են ստեղծել, որ անգամ բազմաբնակարան շենքի սպառողը, որը տեխնիկապես հնարավորություն չունի այդ պանելները տեղադրել, միանա որոշակի խմբի եւ օգտվի այդ հնարավորություններից:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս բարեփոխման արդյունքում Հայաստանում ցանկացած սպառող կարող է ցանկացած արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա, մինչդեռ նախկինում միայն ՀԷՑ-ից կարող էր ստանալ:

«ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է  գնալ, պայմանավորվել արտադրողի հետ, ու գնի հետ ՀԾԿՀ-ն արդեն որևէ դերակատարություն չունի»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ հարց կառաջանա՝ ո՞նց է էլեկտրաէներգիան հասնելու սպառողին. «Մենք ՀԷՑ-ի վրա դրել ենք պարտավորություն, որ ինքը պարտավոր է գնված էլեկրաէներգիան որոշակի սակագներով տեղափոխել եւ հասցնել, խոչընդոտելու իրավունք չունի»,- ասաց նա:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, թե էլեկտրաէներգիայի բաշխումը ու փոխադրումը իրականացնում է «Բարձրավոլտ  էլեկտրական ցանցերը», որը բացառիկ իրավունք  է, ինչը բնական մենաշնորհ է. «Այդտեղ գործելու են կարգավորվող գներ, բոլորն իրավունք ունեն օգտվելու, ՀԷՑ-ը չի կարող մեկին մատուցել, մեկին՝ ոչ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ ազատականացման ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն` 2023թ-ից ազատական շուկային պետք է միանան ՀՀ խոշոր սպառողները, 35 ԿՎտ/ժամ լարման հոսանք սպառողները` 2024թ-ից, իսկ 6-10 ԿՎտ/ժամ հոսանք սպառողները` 2025թ-ից։ Ժամանակացույցը, սակայն, կարող են խախտել բոլոր այն սպառողները, որոնք կցանկանան ազատականացված համակարգին միանալ սահմանված ժամկետից ավելի շուտ։

Հունվար 05, 2023 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր