«Կուրթան» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Կուրթան» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Կուրթան» փոքր ՀԷԿ: «Կուրթան»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կուրթան համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Տիրակալ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Գարգառ գետի վրա (երկարությունը՝ 28 կմ):

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2006թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 245մ է, հաշվարկային ճնշումը` 193.5մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 3.38մ3/վ, դրվածքային հզորությունը  5300 կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 5200կՎտ: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. տեղեկանքի, 11.9664671428571մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 17.01 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 26.06.2006- 26.06.2021թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 03.10.2012- 03.10.2015թթ..:
  •  Գլխամասային հանգույցում կառուցված է 15մ երկարությամբ, 2,6 մ բարձրությամբ պատվար: Այն իր չափերով համապատասխանում է նախագծային լուծումներին:
  • Գլխամասում առկա է աստիճանաձև, 16.20 մ երկարությամբ, մոտ 1.00  մ լայնությամբ և 1.80 մ բարձրությամբ բետոնից կառուցված ձկնանցարան: Առկա է 7 աստիճան, որոնցից յուրաքանչյուրն իրարից տարանջատված է բետոնե միջնորմներով: Յուրաքանչյուր միջնորմի վրա առկա են երկու 0.35X0.35մ չափեր ունեցող ճեղքեր, նախատեսված ձկների տեղաշարժման համար: Կառուցված ձկնուղին իր ձևով, չափերով և աստիճանների թվով համապատասխանում է նախագծին: Ձկնանցարանի վերին մասում կառուցված է մետաղական կոնստրուկցիա, որը հնարավորություն է տալիս փակել ձկնանցարանով հոսող ջրի ճանապարհն անհրաժեշտության դեպքում:
  • Դիտարկման պահին տեսողական զննումով ակնառու էր ջրընդունիչում պատվարի և ձկնանցարանի  համապատասխան թեքությունը, որն ապահովում է բնապահպանական ելքի անարգելք անցումը գետ:
  • Ձկնանցարանին հարող պատվարի շնորհիվ Գարգառ գետը գլխամասում առաջացնում է լճականման ջրակալ, որի արդյունքում ջրի ջերմաստիճանն էականորեն տարբերվում է գետի հոսող ջրի ջերմաստիճանից, ինչը բարենպաստ պայմաններ չի ստեղծում գետաբնակ ձկների բնականոն կենսագործունեության համար:
  • Առկա են 4 աղբորսիչ ճաղավանդակներ, որոնց յուրաքանչյուրի ճեղքերի միջև հեռավորությունը 2.5 -3.5 սմ է: Ճաղերի միջև այդքան արանք ունեցող ցանցը չի կարող արգելել մոտ 8-10սմ երկարությամբ ձկների՝ ճնշումային խողովակատարում հայտնվելուն:
  • Ձկնապաշտպան կառույց չկա: Այն նախագծով նախատեսված չի եղել:
  • Գարգառ գետում հանդիպում են հետևյալ տեղաբնակ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ: Պատվարի շահագործումից առաջացած լճակը նպաստավոր է արծաթափայլ կարասի ներթափանցման ու բնակության համար, ինչը ցանկալի երևույթ չէ:
  • Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը Գարգառ գետից կարող է վերցնել 34260.64 հազար խմ ջուր` ապահովելով 0.1խմ/վ բնապահպանական թողք: ՋԹ-ում նշված չէ, թե ՓՀԷԿ-ը քանի ամիս կարող է ջրառ իրականացնել: Նախագծով սահմանված բնապահպանկան թողքը 0.05 խմ/վ:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Կուրթան» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 7342703 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանում, նախագծին համապատասխան, տեղադրված են տեղական արտադրության 5 ագրեգատներ, որոնք ապահովում են նախագծով նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության 60-65 տոկոսը:
  • Ճնշումային խողովակաշարի երկարությունը եւ տրամագիծը  համապատասխանում են նախագծային ցուցանիշներին: Խողովակաշարի տրամագիծը`1,2 մ է, երկարությունը` 3086 մ: Խողովակաշարի նյութը պողպատյա է, 1 կմ տարածքում այն փակ է, մնացած հատվածներում` բաց:
  • Կայանի տարածքը բարեկարգված է, իրականացված է ծառատունկ։
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է մետաղյա ցանկապատով:
  • Տրանսֆորմատորային ենթակայանում  տեղադրված են երկու տրանսֆորմատորներ:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար կառուցվել է սանհանգույց, որտեղից կենցաղային կեղտաջրերը հեռացվում են գետ: 
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Ձկնանցարանի վերին մասում տեղադրված է ջրաչափական ձող:
  • Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Ջրթափն արվում է Ձորագետ գետ:

Առաջարկություններ

  1.  Ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում գլխամասային հանգույցում:
  2. Ջրառում տեղադրել ջրաչափ և ապահովել առցանց վերահսկում։
  3. Գտնել տեխնիկական լուծումներ` ձկնապաշտպան կառույց տեղադրելու համար։
  4. Ռեկուլտիվացնել խողովակաշարը։
  5. Վերանայել բնապահպանական թողքի չափը, որը փոքր է: Այն սահմանելիս՝ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ գետը ջրառից հետո հոսում է Կուրթան գյուղի միջով, և գյուղի կոյուղաջրերը լցվում են Գարգառ գետը: Գետի հոսքի խիստ նվազման հետևանքով ջրի հիդրոքիմիական կազմը կարող է դառնալ վատ որակի։
  6. Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ բիոզուգարան:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հոկտեմբեր 28, 2015 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր