Անտառը նշում է իր օրը

Անտառը նշում է իր օրը

Գալուստ Նանյան, Yerkir.am

Այսօր անտառների պաշտպանության միջազգային օրն է. համաշխարհային վիճակագրության համաձայն, ամեն տարի 16 մլն հեկտար բնական անտառ է  անհետանում երկրագնդի երեսից, ինչը գերազանցում է Ֆլորիդայի մակերեսը։ Այսօր, որոշ հաշվարկների համաձայն, երկրագնդի ցամաքի միայն 24-25 տոկոսն է ծածկված անտառներով:

 Ի դեպ, վիճակագիրներն էլ իրենց հերթին փաստում են, որ, օրինակ, աշխարհում կաթնասուններից չորսից մեկը, թռչուններից` ութից մեկը գտնվում են սպառնալիքի տակ։ Ավելին, աշխարհի ավելի քան 1,6 մլրդ մարդկանց համար անտառը ոչ միայն ապրուստի միջոց է, այլեւ վառելիքի աղբյուր, կենդանիների համար սննդի հայթայթման վայր, ինչպես նաեւ բժշկության միջոց:

 Մոտ 300 մլն մարդ ապրում է անտառային տարածքներում: Բնապահպանների հաշվարկներով, կեսաբազմազանության ավելի քան 80 տոկոսի համար անտառները համարվում են իրենց ապրելավայրը, իսկ մարդու համար ամենակարեւոր` թթվածնի արտադրության 40 տոկոսն ապահովում են միայն արեւադարձային անտառները:

 Երկրագնդի 25 բնապահպանական թեժ կետերից մեկի` Կովկասյան տարածաշրջանի` Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Թուրքիանի անտառային ոլորտն այնքան էլ բարվոք վիճակում չէ: Վրացի բնապահպանները եզրակացնում են, որ 2003-2007թթ. ընթացքում իրենց երկրում պահպանվող տարածքների քանակն ավելացել է երեք անգամ։ Սակայն վրացական բնապահպանական մի շարք ՀԿ-ներ Վրաստանի համար որպես հիմնական խնդիր առաջ են քաշում անօրինական անտառահատումները:

 «Կանաչ այլընտրանք» ՀԿ նախագահ Մանանա Գոչլաձեն նշում է, որ Վրաստանում ավելացել են «կոռուպցիոն» անտառահատումները, եւ մեծ դժվարությամբ կարելի է անտառը վերականգնել։ Այդ երկրի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը երկրի անտառային սեկտորի օպտիմալացման նպատակով անտառօգտագործման արտոնագրի փոխարեն նախորդ տարի ուժի մեջ մտցրեց երկարաժամկետ վարձակալություն` 49 տարի ժամկետով:

 Բնապահպաններն անմիջապես խիստ քննադատությամբ հանդես եկան իշխանությունների նախաձեռնության դեմ` համոզված լինելով, որ վարձակալված անտառները չեն պահպանվի. «Այսօր Վրաստանի տարածքի ընդամենը 40 տոկոսն է անտառապատ, իսկ թե որքան կկազմեն դրանք 49 տարի անց, չենք ցանկանում պատկերացնել»,- հայտնել են «Կանաչ ցանցի» բնապահպանները: 

 Հարեւան Թուրքիայում եթե ինչ-որ մեկը ցանկանա աշխատել անտառային ոլորտում, նրանից կպահանջեն ընդամենը բարձրագույն կրթություն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, անտառները կազմում են Թուրքիայի տարածքի 14 տոկոսը եւ հիմնականում սփռված են երկրի հյուսիս-արեւելքում:

 Թուրք բնապահպանները նույնպես անհանգստացած են անտառային տարածքների շահագործմամբ, իսկ երկրի իշխող կուսակցության մասին ասում են, որ նա անտառը դիտում է որպես նյութ, որը կարելի է միայն շահագործել: Անհանգստությունն այն է, որ իշխանությունները Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամուրջը կառուցելու համար արդեն հասցրել են հատել 600 հազար ծառ. ծրագրի իրականացման համար եւս 1,9 մլն ծառ պետք է հատվի:

 Հայաստանը աշխարհի այն 70 երկրներից է, որոնց անտառածածկ տարածքը կազմում է ընդհանուր մակերեսի10 տոկոսը, իսկ նախկին ԽՍՀՄ տարածքում ՀՀ-ն ամենասակավանտառներից է համարվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում Հայաստանում անտառների կորուստը հիմնականում շինափայտի եւ վառելափայտի ձեռքբերման նպատակով անօրինական անտառահատումների հետեւանք է: Ըստ պաշտոնական թվերի` Հայաստանի տարածքի ավելի քան 12 տոկոսը (332,333 հա) անտառածածկ է:

 «Հայաստանում բնական անտառների մոտ 70 տոկոսը կազմալուծված է եւ ծերացած»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը` հավելելով, որ երկրի տարածքում առկա անտառների թարմացման, նորացման խնդիր կա:

 Որոշ ուսումնասիրություններով, Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերի անտառներից որոշ հատվածներ ունեն սերմնային ծագում, իսկ Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերում առկա անտառային շերտերը համարվում են մացառային: «Մեր անտառային տարածքները համարվում են 4-րդ եւ 5-րդ սերնդի անտառներ»,- ասում է Ռ. Պետրոսյանը` նշելով, որ Հայաստանի անտառների 28 տոկոսն ունի 3-4 լրիվություն, այսինքն` բավական վատ վիճակում են, մի մյուս մասը համարվում է միջին որակի. «Շատ քիչ անտառներ կան, որոնք համարվում են բարձր որակի»:

 Ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների` 2008-ին փայտի նախնական վերամշակման ոլորտում գործում էր 362 կազմակերպություն։ Ձեռնարկությունների 64 տոկոսը փոքր է (2-5 աշխատող), 18 տոկոսը` միջին մեծության (5- 30 աշխատող), եւ միայն 4 տոկոսն է խոշոր` 30-ից ավելի աշխատակիցներով։ Փայտավերամշակման ընդհանուր ծավալի 40 տոկոսը մեր վերամշակողներն օգտագործում են մանրահատակի արտադրությունում, 30 տոկոսը` դռների, 20 տոկոսը` կահույքի, իսկ 10 տոկոսով պատրաստվում են տակառներ եւ դագաղներ։

 Վիճակագրության համաձայն` եթե 2010-ին Հայաստանի անտառներում անօրինական հատումների քանակը կազմել է 2520 ծառ, 2011-ին այդ թիվը կազմել է 2425: Թե օրինախախտերից քանիսն են պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հայտնի չէ:

Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 0,1 հա կանաչ զանգված

Կարինե Իոնեսյան,  www.hra.am

 Հայաստանի ամեն մի բնակչի 29 անգամ քիչ թթվածին է բաժին ընկնում՝  ԱՊՀ տարածաշրջանի բնակիչների հետ համեմատած: Եթե ԱՊՀ մյուս երկրներում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 29,1 հա կանաչ զանգված, Հայաստանում այդ թիվը՝ 0,1 է: Այս մասին այսօր հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը:

«Դա էլ հիմնական պատճառն է դառնում, որ Հայաստանում ավելանան շնչուղիների, սրտանոթային ու քաղցկեղածին հիվանդությունները»,- փաստում է  Վարդանյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը համաձայն է Վարդանյանի հրապարակած թվերի հետ և նշում է, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ:

Ընդհանրապես  հարթավայրային երկրների համար 20-30 տոկոս անտառածածկ լինելը համարվում է օպտիմալ, իսկ լեռնային երկրների համար՝ 30-50 տոկոսը: Հայաստանն իր անտառածածկով այսօր անգամ չի հասնում 20 տոկոսի:

«Դրան հասնելու համար մենք երկու անգամ պետք է ավելացնենք մեր անտառածածկ տարածքները, որ գոնե 50-60 տարի հետո 20 տոկոս անտառածածկ տարածք ունենանք: Իսկ դա հսկայական ներդրումների պատմություն է, քանի որ  տարեկան պետք է ամենաքիչը 5000հա ծառ տնկել: Իսկ հիմա մենք միայն հարյուրավոր հեկտարներ ենք տնկում» ,- ասում է Պետրոսյանը:

Հաջորդ խնդիրն ապօրինի անտառհատումներն են: Անտառայինպետականմոնիտորինգիկենտրոնի տվյալներով՝ 2011թ.-ին ապօրինի ծառահատվել է 3216 ծառ: Նազելի Վարդանյանը համոզված է, որ այդ թիվն անհամեմատ ավելի մեծ է, քանի որ գյուղերում ամեն մի ընտանիք տարեկան վառում է 12-15 հա փայտանյութ:

«Նաև գեներալների առջև արգելքենր չկան, ու նրանք հատուկ փաստաթղթեր ստանալով մի քանի անգամ են հատում իրականացնում մեկի փոխարեն՝ 10 անգամ գերազանցելով պետության կողմից թույլատրված քանակը: Եթե պետությունը թույլատրում է տարեկան 30-40 հազար խորանարդ մետր  հատել, ապա այսօր այդ թիվը կազմում է 300-400 հազար խորանարդ մետր»,- ասում է Վարդանյանը:

Նա համարում է, որ պատճառներից մեկն այն է, որ օրենսդրորեն անտառապահին չեն լիազորում տեղում ակտ կազմել ու առգրավել հատած ծառերը: Անտառապահներին նաև  չեն տրամադրում ավտոմեքենա, զենք, որոնք անհրաժեշտ են հսկայական տարածքները հսկելու համար: Ն. Վարդանյանի խոսքերով՝ անտառապահներից յուրաքանչյուր երրորդը դատվածություն ունի հենց նույն անտառային գործերի հետ կապված ու այսօր շատերն այդ պատճառով չեն ուզում անտառապահ դառնալ:

Վարդանյանի համոզմամբ՝ անտառների հետ կապված հաջորդ խնդիրն այն է, որ հաճախ ՀՀ կառավարությունը, առաջնորդվելով սխալ քարտեզներով անտառածածկ, արգելոցային հողերի կարգավիճակը փոխում է տարբեր հանգստյան տներ կառուցելու համար:

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Ռուբեն Պետրոսյանի բարձրաձայնեց նաև մի ապագա խնդրի մասին. նոր տնկված անտառները առաջացնում են տեսակաշարի փոփոխություն՝ հաճարուտները փոխարինվում են ավելի ցածրորակ ծառերով, քանի որ նոր ընտրված տարածքներում հնարավոր չէ անտառային ծառեր տնկել: 

Մարտ 21, 2012 at 18:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր