Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներն ակտիվ փուլում են

Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներն ակտիվ փուլում են

ԷկոԼուր

Այս օրերին Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներ են տարվում, որից հետո տարածքում ծառատունկ կիրականացվի։ Այս մասին ս․ թ․ մարտի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ներկայացնելով իրականացվող աշխատանքների ընթացքը` Կարապետյանն ասել է․ «Անցած տարի` այս օրը, հայտարարել էինք, որ Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվելու և ստեղծվելու է անտառ։ Բնականաբար, անտառ ստեղծելու համար պետք է կաթիլային ոռոգման համակարգ։ Այս ընթացքում ամբողջ տարածքը չափագրվեց, նախագծվեց ամբողջ ոռոգման համակարգը։ Այսօր արդեն քաղաք իջնելուց ականատես եղա, որ բուն ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները մեկնարկել են»։

Այնուհետև մամուլի խոսնակը ցուցադրել է ճանապարհի երկայնքով տեղադրված խողովակները՝ հավելելով, որ կաթիլային ոռոգման համակարգը կտեղակայվի նաև լանջով դեպի ներքև ընկած ճանապարհը, կձգվի մինչև Մատենադարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Աբովյան պուրակ։ Նա հայտնել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն։ «Մյուս տարի նորմալ խնամվող, ավոտոնոմ համակարգով ոռոգվող անտառ կունենանք, 3-5 տարվա ընթացքում շատ ակնառու կլինի։ Անխնամ տեսքի փոխարեն կունենանք կանաչապատ հատված։ Բացի հաճելի տեսքից կունենանք էկոլոգիապես ավելի բարենպաստ միջավայր»,- նշել է նա։ 

Հակոբ Կարապետյանը նաև հայտնել է, որ ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ են տարվում նաև Ծիծեռնակաբերդի այգու հատվածում։ 

 
 


Մարտ 22, 2020 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր