Շիվային ջունգլի Հայաստանում

Շիվային ջունգլի Հայաստանում

ԷկոԼուր

Հետաքրքիր ձեւափոխություններ են կրում մեր անտառները պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներում: GIZ-ի կենսաբազմազանության վերաբերյալ ծրագիրը կառավարություն է ներկայացրել իր ուսումնասիրությունների տվյալները: Դրանց համաձայն` Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են  11.1%, ինչը գործնականում համընկնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնական թվի հետ`11,2%, որն արդեն երկար տարիներ չի փոխվում: Մի քանի տարի է` սուր բանավեճեր են լինում, թե Հայաստանի որքան տարածքն է անտառածածկ: Օրինակ` «Landsat ETM»-ը ներկայացրեց  8%, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ը`12%:

Դեռ 2011թ. աշնանը GIZ-ի ներկայացուցիչ Հայսեր Ղազարյանը հայտարարեց, որ այս ծրագրում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաեւ տիեզերքից արված լուսանկարները թույլ են տվել հայտնաբերել նոր անտառային տարածքներ, որոնք մինչ այդ պաշտոնական հաշվարկներում չկային: Արդյունքում Հայաստանի անտառային սեկտորը «համալրվել է» 22908 հեկտարով:

Մենք այդպիսի անտառներ տեսել ենք Լոռու մարզում այն անտառների տեղում, որոնք հատվել են 90-ականներին: Այո, այդ անտառներին ոչ ոք ձեռք չեն տվել` ոչ բնակիչները, որոնք անտառը հատում են տաքանալու համար, ոչ անտառային բիզնեսը: Եւ «Հայանտառ»-ն այդ անտառներում սանիտարական հատումներ չի իրականացնում, թեպետ խնամքի կարիք ունի հենց այդ անտառը: Նայելով կարելի է հասկանալ, թե ինչու ոչ ոք այդ անտառը չի կտրում: Դա, այսպես կոչված, երկրորդական անտառ է` բարակ, ճկուն շիվեր, որոնք աճել են կոճղերի վրա: Ամեն մի կոճղի վրա այդպիսի 7-10 շիվ կա: Նրանք միահյուսված են եւ հեռվից անտառի տպավորություն են թողնում, այն էլ որ տերեւներով են ծածկված: Բայց նրանք բացարձակապես անպետք են որպես վառելափայտ, առավել եւս շինափայտ օգտագործվելու համար: Այսինքն, այս անտառում գումար չի կարելի վաստակել: Այժմ մարզերում 1խմ վառելափայտն արժե ավելի քան 20 հազար դրամ (50 դոլլար):

Ագրոբիզնեսի միջազգային կենտրոնի 2010թ. ուսումնասիրությունների համաձայն`Հայաստանում վառելափայտի տարեկան օգտագործումը կազմում է մոտ 460 000 խմ: Պաշտոնական հատումների ծավալը կազմել է 35 000 խմ: Եթե իրավիճակը չփոխվի, ապա 10 տարի անց անտառի փոխարեն մենք կունենանք շիվային ջունգլի եւ անտառածածկման միեւնույն թիվը` 11,1%:

Հունվար 31, 2012 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր