Ֆիոլետովոյի հանքավայրի նախագծի փորձաքննության սառեցված գործընթացը կարող է վերսկսել

Ֆիոլետովոյի հանքավայրի նախագծի փորձաքննության սառեցված գործընթացը կարող է վերսկսել

ԷկոԼուր

Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հարցը շարունակում է առաջացնել անհանգստություն միանգամից մի քանի առումներով:

1. «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի` Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագիծն իր մեջ կրում է շրջակա միջավայրի աղտոտման ռիսկեր, սակայն դրանք նախագծում արտացոլված չեն: Նկատվում է տեղեկատվության աղավաղում՝ սկսած ոսկու պարունակությունից: Նախագծի համաձայն՝ հանքաքարում ոսկու պարունակությունը կազմում է 2.5 մինչև 5.5 գրամ/տոննայում: Եթե համեմատենք այս տվյալները գիտական տվյալների հետ (Ֆ.Գ.Շամցյան, Ս.ՈՒ.Վարդանյան, «Հայաստանի Սևան–Ամասիա խզվածքային գոտու հարավ-արևելյան և կենտրոնական մասերի կառուցվածքը և ոսկեբերության հեռանկարները, ԵՊՀ գիտական տեղեկագիր, 2010, N3), ապա գրառումներում նշված են բոլորովին այլ թվեր՝ 1.7-2.4-2.7 գրամ ոսկի մեկ տոննայում: Հաշվի առնելով այն, որ մինչեւ փորձաքննությունը հետախուզական աշխատանքներ ընկերությունը չի իրականացրել, հասկանալի է, որ օգտագործվել են պաշտոնական աղբյուրները: Իսկ նախագծում ընկերությունը ցույց է տվել հանքաքարում ոսկու պարունակության կրկնակի ավելացում:

Նախագծում ոչինչ ասված չէ ուղեկցող մետաղների մասին (բացի արծաթից), որոնց պարունակությունը կրում է աղտոտման բարձր ռիսկեր հանքաքարի մանրացման դեպքում: Ֆիոլետովոյի հանքավայրին նվիրված 2007-2010թթ. գրեթե բոլոր գիտական աշխատություններում համեմատություն է անցկացվում Մեղրաձորի ոսկու հանքավայրի հետ, որը ներկա դրությամբ շահագործում է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն: Եվ նշված է, որ հանքավայրերը ունեն նույնանման գենետիկա: Մեղրաձորի հանքավայրի լցակույտների և թափոնների ազդեցությունը հայտնի է. դա ծանր մետաղների մի ամբողջ կույտ է: Ծանր մետաղները նստում են Մեղրաձոր գյուղի տարածքի վրա: Այս երկրաբանական կառուցվածքի հետ նմանություն ունի նաև Սոտքի հանքավայրը: Սոտքի հանքավայրի շահագործման հետևանքով Սևանի ավազանի Մասրիկ և Սոտք գետերը աղտոտվել են այնպիսի մետաղներով, ինչպիսիք են կադմիումը, ծարիրը, վանադիումը: Սևանա լճում վանադիումի պարունակությունը 5-8 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցետրացիան (ՍԹԿ), իսկ ծարիրը և կադմիումը, որոնք հայտնաբերված են Մասրիկ և Սոտք գետերում, տոքսիկության ամենաբարձր աստիճան ունեցող տարրեր են և եվրոպական զարգացած երկրներում քիմիական աղտոտման չափորոշիչներ:

Այսպիսով, աղտոտման վտանգը նախ և առաջ սպառնում է Տավուշի գլխավոր ջրային զարկերակին՝ Աղստև գետին, որի աջափնյա հատվածում գտնվում է ոսկին: Վտանգի տակ է ընկնում Ֆիոլետովոյի հարևանությամբ գտնվող «Դիլիջան» ազգային պարկը: Ընդերքօգտագործման թափոնները, նախագծի համաձայն, կազմում են 3 միլիոն խմ, որոնք տեղափոխվելու են 4 հա տարածքի վրա:

Իրականում այդ մանրացված, փոշիացված արդյունաբերական թափոնները տեղումների միջոցով կտարածվեն շրջակա միջավայրում` աղտոտելով հանքավայրի կենտրոնից մինչեւ 25-30 կմ շառավիղով տարածք: Հենց այս մասշտաբով էլ աղտոտված են այն տարածքները, որտեղ ծավալվում է հանքարդյունաբերություն: Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման նախագծում նշված է, որ հանքաքարը տեղափոխվելու է Արմանիսի կամ Արարատի հանքահարստացուցիչ ֆաբրիկա: Փորձը ցույց է տալիս, որ մեկ տարի անց ընկերությունը հրաժարվում է այլ ֆաբրիկայում վերամշակումից և սկսում է կառուցել սեփական ֆաբրիկան: Այդպես վարվեց Վարդան Մարգարյանը` «Գրեյդ Ռեդմետի» ենթադրյալ սեփականատերերից մեկը, ով  «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի տնօրենն է: 2013 թ. Մեղրաձորում նա սկսեց կառուցել ցիանային ֆաբրիկա Մեղրաձորի հանքաքարի ոսկու կորզման համար: Բայց, հաշվի առնելով բնակիչների և հասարակության ընդվզումը, փոխարինեց ցիանը այլ տեխնոլոգիայով:

Ֆիոլետովոյի դեպքում, եթե անգամ հանքաքարը տեղափոխվի Արմանիս կամ Արարատ, ապա ամբողջ ճանապարհը կլցվի փոշով և թափոններով` առաջացնելով աղտոտման բարձր ռիսկեր հողերի և գյուղատնտեսական արտադրանքի համար:

Ֆիոլետովոյի հանքավայրն ունի «ոսկյա» ազգականներ մոտակայքում, Դիլիջանում: Դիլիջանի ոսկու հանքավայրն իր պարամետրերով նման է Ֆիոլետովոյին: Եվ, հետևաբար, ստանալով «կանաչ» լույս Ֆիոլետովոյի համար, դեպի Դիլիջանի ոսկու հանքավայր ճանապարհը կբացվի:

2. Ուշադրություն դարձնենք բնապահպանական փորձաքննության եզրակացության գործընթացի վրա, որը, ըստ երևույթին, փորձաքննություն չի հանդիսանում, այլ կրում է քաղաքական որոշումների բնույթ, ինչպես Հայաստանում ընդերքօգտագործման բոլոր նախագծերում: Հարցը նրանում է՝ ով է ճնշում գործադրում: Ֆիոլետովոյի դեպքում բնակիչներին աջակցեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, որոնոց բնակիչները դիմել էին` օգնություն ստանալու համար: Կշեռքի մյուս նժարի վրա «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի իրական սեփականատերերն են: Նրանց մասին տվյալները հայտնի են մամուլից:

«Հայաստանում գրանցված «Գրեյդ Ռեդմենտ» ՍՊԸ-ն է ստացել Ֆիոլետովոյի տարածքում ուսումնասիրություններ կատարելու լիցենզիան: Նույն ընկերությունն էլ պատրաստվում է շահագործել հանքավայրը:

«Գրեյդ Ռեդմենտը» հիմնադրվել է 2005-ին, հիմնադիրներն են եղել Հասմիկ Հարությունյանը, Մայրեն Բատոյանը և Վարդան Մարգարյանը: 

«Գրեյդ Ռեդմենտ» ՍՊԸ-ն ուսումնասիրության և բնապահպանական թույլտվություններն ստացել է այն ժամանակ, երբ ՀՀ բնապահպանության նախարար էր Վարդան Այվազյանը, այժմ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հասմիկ Հարությունյանը Այվազյանի ղեկավարած տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի պետ Երվանդ Հովհաննիսյանի կինն է: Մայրեն Բատոյանը՝ Վարդան Այվազյանի կնոջ ընկերուհին և համագյուղացին: Այդ մասին «Հետքը» տարիներ առաջ գրել էր: Վարդան Մարգարյանը Մեղրաձորի հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ընկերության սեփականատերն ու տնօրենն է: 

2014թ. գարնանը բաժնետերերի որոշակի փոփոխություն է եղել: Հասմիկ Հարությունյանը մնացել է, Վարդան Մարգարյանն իր բաժնեմասը գրանցել է դստեր՝ 24-ամյա Մանե Մարգարյանի անվամբ, իսկ Մայրեն Բատոյանն իր բաժնեմասը փոխանցել է Սերոժ Սարգսյանին», - նշված է «Հետք»-ի հրապարակման մեջ:    

Նշենք, որ Վարդան Այվազյանն ունի մի քանի հանքավայրեր և արդեն վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը Հրազդանի, Սվարանցի և Աբովյանի երկաթի հանքավայրերի շահագործման իրավունքը: Հրազդանի հանքավայրի համար չինացիները Այվազյանից ստացել են թույլատվությունների փաստաթղթերի ժամկետանց փաթեթ: Ֆիոլետովոյում ասում են, որ այդ գործարքի հետևում նույնպես կանգնած են չինացիները (տեղեկատվությունը ստուգված չէ): Մենք չենք բացառում, որ ոսկու փոքր հանքավայրերով չինացիչները հետ կվերադարձնեն գնված 3 մեծ, բայց ոչ հեռանկարային երկաթի հանքավայրերի կորուստները:

Փետրվար 04, 2015 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր