«Մետալ Գոլդը» չի նահանջում. նոր լսումներ Գլաձորում

«Մետալ Գոլդը» չի նահանջում. նոր լսումներ Գլաձորում

«Մետալ Գոլդ» ընկերությունը հերթական անգամ լսումներ է կազմակերպում Գլաձոր համայնքում՝ Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ: Լսումները նշանակված են 2021թ. հոկտեմբերի 5-ին՝ Գլաձորի ֆուտբոլի դաշտում:

2021թ. տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «կանաչ» լույս տվեց «Մետալ Գոլդ» ընկերությանը՝ տրամադրելով Գլաձորի բազմամետաղային հանքավայրում 3 տարի ժամկետով երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն:

Թույլտվությունը ստանալուց հետո ընկերությունը համայնքում երկու անգամ փորձեց լսումներ անցկացնել՝ առանց նախնական հայտարարության: Չստանալով դրական կարծիք՝ ընկերությունը, այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություն արեց սեպտեմբերի 23-ի լսումների մասին:

Ամեն անգամ ընկերությունը փորձում էր համոզել բնակիչներին, որ ուսումնասիրությունները հանքավայրը փակ եղանակով շահագործելու նպատակով են: Այս պնդումը չի համապատասխանում ՇՄԱԳ-ի մասին օրենքին, քանի որ օրենքով հայցվորը պետք է ներկայացնի հանքի շահագործման այլընտրանքային տարբերակներ՝ և՛ փակ, և՛ բաց եղանակով: Եթե հայտը ստանա դրական եզրակացություն, ապա ընկերությունը կարող է ընտրել իր համար ամենաշահավետ ու հարմար տարբերակը՝ անկախ ուսումնասիրության ստացված արդյունքներից և բնակչությանը տրված խոստումներից:

Լսումներից և հանդիպումներից պարզ է դառնում, որ ընկերությունը նպատակ ունի ստանալ համայնքի դրական կարծիքն ու թույլտվությունը Գլաձոր համայքնի տարածքում աշխատանքներ իրականացնելու համար: Այսպիսով, ի սկզբանե ընկերության ծրագրում նշված էր գրասենյակային և փաստաթղթային ուսումնասիրությունների իրականացման մասին, իսկ դաշտային աշխատանքների պահանջ չի եղել: Այդ մասին նշվել է առաջին հանդիպումների ժամանակ, և բնակիչները պատասխանել են, որ լսումների անցկացման կարիք չկա:

Հաջորդ հանդիպման ժամանակ ընկերությունը ներկայացրել է պահանջ երկրաբանական աշխատանքների վերաբերյալ՝ մոտ 10 հազար խմ ծավալով փորձանմուշներ վերցնելու նպատակով: Սակայն այդ գործունեության իրականացման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն հայտ չի ներկայացվել: Առաջացել էր կոնֆլիկտ ընկերության աջակիցների և հանքարդյունաբերությանը դեմ բնակիչների միջև, և որևէ որոշում այդ հանդիպմանը չէր կայացվել:

Սեպտեմբերի 23-ի լսումներին ընկերությունը ներկայացրել էր, որ անհրաժեշտ է իրեն տրված թույլտվության մեջ լրացում և պայմանագրում փոփոխություն կատարել, մասնավորապես, ներկայացվել էր տեխնոլոգիական փորձարկումներ կատարելու նպատակով մինչև 2500 խմ փորձնական հանույթ ստանալու պահանջ: Այս լսումները համարվեցին չկայացած, ինչը նշված է եղել պաշտոնական արձանագրության մեջ:

Բնակիչները կրկին համախմբվել էին՝ թույլ չտալու իրենց համայնքում հանքարդյունաբերության զարգացումն ու վերահաստատելու դեռևս 2019թ. ավագանու կողմից ընդունված «Գլաձոր համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» թիվ 44 որոշումը: Լսումների չեղարկման մյուս պատճառը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման անհնարինությունն էր:



Սեպտեմբեր 30, 2021 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր