«Ընդերքի մասին օրենսգիրք. կստորագրի՞ նախագահը աղմկահարույց նախագիծը» թեմայով քննարկում՝ «Մեդիա կենտրոնում»

«Ընդերքի մասին օրենսգիրք. կստորագրի՞ նախագահը աղմկահարույց նախագիծը» թեմայով քննարկում՝ «Մեդիա կենտրոնում»

2022 թ. հունիսի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ընդերքի մասին օրենսգիրք. կստորագրի՞ նախագահը աղմկահարույց նախագիծը» թեմայով քննարկումը։ Քննարկման բանախոսներն էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը։ Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմ և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)։ Սակայն ՀՀ նախագահի աշխատակազմից և ՏԿԵՆ-ից ներկայացուցիչներ չէին եկել քննարկմանը։

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ www.e-draft.am կայքում զետեղված նախագծի տարբերակում միանգամայն այլ տերմիններ են օգտագործված։ «Քաղաքացիական անհնազանդություն տերմին չկար, չորս տարի հետադարձ ուժ ունենալու մասին ոչինչ չկար: Դա եղել է կառավարւթյան նիստ բերված օրինագծում»,- նշեց նա։ Վիկտորյա Բուռնազյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որ կառավարությունն ու նախարարությունները բնակիչների իրավունքներին վերաբերող որոշումներ ընդունելիս, մինչև նման օրինագծեր Կառավարություն և Ազգային ժողով բերելը, լայն հասարակության հետ քննարկումներ կազմակերպեն։ «Որոշումներ ընդունեն կոնսենսուսի հիման վրա, լինեն կառուցողական: Սակայն մենք տեսնում ենք, որ բերվել է մի օրինագիծ, որը չի բխում բնակչության շահերից։ Մենք պետք է գիտակցենք, որ այն պնդումը, որ հանրային լսումների փուլում բնակչությունը կարող էր իր ձայնը բարձրացնել և իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ, սա միանգամայն այլ է ընդերքօգտագործման թույլտվություն ստանալուց հետո ստեղծված իրավիճակից։ 

Մյուս կարևոր խնդիրը օրինագծի այն դրույթն է, որ ՇՄԱԳ նոր փորձաքննություն նախագիծը չի ենթարկվելու։ Եթե 4 տարի ընկերությունը չի աշխատել, տվյալ տարածքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, գուցե կլիմայական փոփոխություններ կան։ Ինչպես կարելի է առանց ՇՄԱԳ իրականացնելու շարունակել գործունեությունը»,- նշեց նա։

Արձագանքելով դիտարկմանը, թե նախագիծը կապում են Ամուլսարի ծրագրի հետ, Վիկտորյա Բուռնազյանը նշեց. «Այն կարգավորումները, որ տրված են, տանում են դեպի Ամուլսարի ծրագիրը։ Մենք չենք պնդում, թե այն միայն Ամուլսարի ծրագրի համար է։ Բայց 4 տարի հետադարձ ուժ տալը, 2018 թ. չէ բնակիչները փակեցին ճանապարհը, խոսում է դրա մասին։ Նախարարությունն ասում է մենք ներդրումային միջավայր ենք բարելավում։ Բայց նախքան ներդրումային միջավայր բարելավելը դու պետք է լսես քո բնակչին։ Մենք ապրում ենք մեր համայնքներով, մենք չպետք է մեր համայնքները դիտարկենք միայն որպես հարկ վճարող։ Եթե մարդն ապրում է այդ տարածքում և հստակ պատկերացնում է, թե ինչպիսի միջավայր և զարգացում է ուզում, պետությունը դա պետք է հաշվի առնի»,- ընդգծեց նա։ 

Օլեգ Դուրգարյանն էլ անդրադարձավ ՏԿԵՆ-ի կողմից քաղաքացիական անհնազանդություն տերմինի պարզաբանմանը։ «Միակ փոփոխութունն այն է, որ բացվել է, թե ինչ նկատի ունեն քաղաքացիական անհնազանդություն անվան տակ։ Իրականում ինքն ավելի վատն է, ավելի ահավոր է, քան մինչև բացվելը, արտահայտում է այն, ինչի մասին մտահոգվում է քաղհասարակությունը։ Միտքը հետևյալն է՝ քաղաքացիական անհնազանդությունն այն խաղաղ ակցիաներն են, որոնցով ՀՀ քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում պետության այս կամ այն քաղաքականության կամ ծրագրի դեմ։ Դա հենց այն է, որ քաղհասարակությունն ասում էր։ Պետական քաղաքականություն կարող է լինել և ընդերքօգտագործման թույլտվությունը, և օրենսդրական փոփոխությունը, շատ լայն է հասկացությունը, և ցանկացած բան կարող է դիտարկվել որպես անհնազադություն պետության որևէ ծրագրի դեմ»,- նշեց նա: 

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին 44 հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չստորագրելու և շահագրգիռ հանրության հետ քննարկում կազմակերպելու առաջարկով:

Մանրամասները՝ տեսանյությում:



Հունիս 10, 2022 at 11:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր