

ԷկոԼուր
Եւս մեկ ոսկու հանքավայր` շահագործման համար: Սույն թվականի մայիսի 14-ին` ժամը 14.00-ին, ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի գյուղապետարանում «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն կազմակերպում է հասարակական լսումներ` Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությունից, նախագծի էլեկտրոնային տարբերակը բացակայում է: Իսկ նախագծի փաստաթղթերի հետ կարելի է ծանոթանալ տեղում: Այդպիսով, չնայած Բնապահպանության նախարարության բազմաթիվ խոստումներին, նախագծերը տեղադրել կայքում եւ գործընթացը թափանցիկ դարձնել, հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է մնալ ստվերում:
Տվյալ դեպքում հասարակության անհանգստությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ Բնապահպանության նախարարությունը ուումնասիրման է ընդունել այն ընկերության փաստաթղթերը, որը պատրաստվում է ոսկի արդյունահանել, այսինքն` գործ ունի ռազմավարական նշանակության հումքի հետ, բայց չունի էլեկտրոնային հասցե, ոչ էլ նախագծի էլեկտրոնային տարբերակ: Ռազմավարական նշանակության հումքի արդյունահանման վերաբերյալ հասարակական լսումները կանցկավեն փոքր գյուղում, եւ լայն հասարակությունը հնարավորություն չի ունենա ծանոթանալու նախագծով նախատեսված գործունեությանը:
Նշենք, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ Վերահսկիչ պալատը հայտնաբերել է խախտումներ: «ԱՅՍՊԵՍ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ ԸՆԴԵՐՔԸ» հոդվածում «Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««ԱՍՍԱԹ ՍՊԸ»-ն 26.12.2005թ. դիմել է լիազոր մարմնին՝ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքերեւակման թեւերում երկրաբանական որոնողական-գնահատողական աշխատանքներ կատարելու նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու համար։ Սակայն 19.07.2006թ. տրամադրվել է ուսումնասիրության լիցենզիա (թիվ 246)՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ուսումնասիրության լիցենզիայի տրամադրման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված այլ ընթացակարգով։ Ըստ ՎՊ-ի, լիազոր մարմինը պետք է մերժեր ներկայացված դիմումը եւ չտրամադրեր ուսումնասիրության լիցենզիա, քանի որ ընդերքի տեղամասը պարունակում է ռազմավարական նշանակության օգտակար հանածոներ։
Ավելին. խախտվել է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ «Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության եւ արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով...»։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկին կամ ոմանց այդ աճուրդը ձեռնտու չի եղել, եւ ոսկու, ռազմավարական նշանակության այլ օգտակար հանածոների ուսումնասիրության լիցենզիան տրամադրվել է առանց աճուրդի»:
Մայիս 08, 2012 at 14:45
