

ԷկոԼուր
Կառավարությունը սահմանեց հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության` շրջակա միջավայրի պահպանման իրավասությունները: Ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ մտցրեց 2002թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1237-Ն որոշման մեջ, որով սահմանվեց Բնապահպանության նախարարության իրավասությունները ընդերքօգտագործման դեպքում: Փոփոխությունը պայմանավորված է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքով: Ըստ այդմ Բնապահպանության նախարարությունը պետք է իրականացնի`
· ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն
· ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
· բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության և շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատում
· ընդերքի օգտագործման հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառում
· հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողություն
· բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունում
· երկրաբանական ուսումնասիրության ծրագրերի վերաբերյալ բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունների տրամադրում:
Ապրիլ 23, 2012 at 15:55
