Մեղրու տարածաշրջանին սպառնում է նոր էկոլոգիական վտանգ` Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց շահագործումը

Մեղրու տարածաշրջանին սպառնում է նոր էկոլոգիական վտանգ` Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց շահագործումը

ԷկոԼուր

Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը:

Մեղրասարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեղրու լեռնաշղթայի լեռնանցքային մասում, Մեղրի գետի վերին հոսանքի ավազանում, Լիճք և Տաշտուն գյուղերից 5կմ դեպի հյուսիս-արևելք:

Նախագծով նախատեսվում է հանքավայրը շահագործել 3 բացահանքերով հաջորդաբար: Հանքավայրի ընդհանուր պաշարներն են` հանքաքար` 345,392 հազար տ, ոսկի` 1602,19 կգ, արծաթ.` 4496,52 կգ: Տարեկան արդյունահանվելու է 50,0 հազար տոննա ապրանքային հանքաքար: Հանքավայրի շահագործման ընդհանուր տևողությունը կազմելու է 7,5 տարի: Հանքավայրում հանդիպում են նաեւ այլ հազվագյուտ մետաղներ: « Հանքաքարերի միներալային կազմում մասնակցում են պիրիտը (գերակշռում է), խալկոպիրիտը, գալենիտը, սֆալերիտը, խունացած հանքաքարերը, արսենոպիրիտը, մելանտերիտը, բնածին ոսկին, բնածին արծաթը, ինչպես նաև հեմատիտը: Պարփակող ապար է հանդիսանում քվարց-կարբոնատային մետասոմատիտը: Քվարցը քանակա­կան հարաբերությամբ կազմում է 50-60%-ը: Հանքային միներալները կազմում են 1.0-2.0%, որոնցից պիրիտի բաժինը 1.0-1.5%»,- նշված է նախագծում: Սակայն հանքաքարից սրանց կորզման մասին խոսք չկա: Դրանք կմնան լցակույտերում:

Հանքավայրի շահագործման ընդհանուր մակերեսը  կազմում է 73 հա: Լցակույտի զբաղեցրած տարածքը կազմում է 33,5հա: Բացահան­քերի  շահագործման  7.5 տարվա ընթացքում մակաբացման ապարների ծավալը կկազմի 24.69 մլն.մ3:

Հանքաքարը կվերամշակվի Տաշտունի փորձարարական գործարանում, որը գտնվում է նախագծվող բացահան­քե­րի տարածքից  մոտ 9-10կմ հեռավորության վրա:  Նախագծի համաձայն` Տաշտունի փորձարարական համալիրը տեղադրվելու է բարձր լեռնային շրջանում, որտեղ հանդիպում են հազվադեպ և անհետացող,  ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ: 

Տարածաշրջանում շատ կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 29-ը թռչնատեսակ, 15 կաթնասուն, միջատների 1 տեսակ: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է ընդերքօգտագործումը, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Հիշեցնենք, որ Տաշտունի փորձարարական համալիրի շինարարական աշխատանքները սկսվեցին առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության, ինչի համար բնապահպանական տեսչությունը դադարեցրեց համալիրի շինարարական աշխատանքները մինչեւ նախագծի փորձաքննություն անցնելը եւ դա այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը արդեն իսկ արտոնություններ էր տվել «Ատ Մետալս» ՍՊԸ-ին` ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելով մինչև 2016թ.:

Հանքավայրը շահագործվելու է ամենօրյա պայթեցումների միջոցով: Ըստ նախագծի`՝ Տաշտուն և Լիճք գյուղերի բնակիչների վրա արտաքին միջավայրի անբարենպաստ ներգործություն ունեցող գործոններից մեկը հանքավայրի շահագործման ժամանակ առաջացած աղմուկն է: «Կուտակվելով մարդու օրգանիզմում` ակուստիկ գրգռումն առաջին հերթին վնասակար ազդեցություն է գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Աղմկային ծանրաբեռնվածությունը բացասաբար է անդրադառնում  հատկապես մանկական օրգանիզմի վրա»,- նշված է նախագծում: Բացի աղմուկից բնակչության առողջությանը մեծ վնաս կհասցնի նաեւ տոքսիկ նյութերով եւ վնասակար գազերով հագեցած հանքավայրի փոշին, ինչպես նաեւ ռադիոակտիվ ֆոնի բարձրացումը, ինչի մասին նախագծում ոչինչ ասված չէ: «Շրջակա միջավայրի վրա տարբեր հանքավայրերի քիմիական ազդեցության աղյուսակի» համաձայն` եթե հանքավայրում առկա է եւ ոսկի, եւ արծաթ, ապա այդ հանքավայրում առկա է ռադիոակտիվ ֆոն:

18:53 Օգոստոս 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news