

News.am
Լոնդոնի մետաղների բորսայում մոլիբդենի 1 տոննայի գինը հունվարի 25-ին կազմել է 30.5 հազ. դոլար: Ընդ որում` 15 ամիս հետո մատակարարման պայմանով մոլիբդենի գինը 32.6 հազ. դոլար է:
Սա նշանակում է, որ մոլիբդենի դեկտեմբերյան ճգնաժամը հաղթահարված է: Նշենք, որ դեկտեմբերի վերջում այդ մետաղի գինը բորսայում իջել է մինչեւ 1տոննա/28 հազ. դոլար մակարդակին: Սակայն հունվարի ընթացքում, թեեւ առկա տատանումներին, մոլիբդենի գինն աճելու միտում է դրսեւորում: 2011 թ. երկրորդ կեսին մոլիբդենի միջազգային գնի անկումը պայմանավորված էր Չինաստանի կողմից ներմուծումների կրճատմամբ:
Հիշեցնենք, որ մոլիբդենի գինն իր առավելագույն մակարդակին է հասել 2007 թ.` մոտ 80 հազ. դոլար տոննայի դիմաց: Սակայն ճգնաժամի ազդեցությամբ 2009 թ. մոլիբդենի միջազգային գինը սրընթաց նվազել է` իջնելով մինչեւ 20 հազ. դոլար: Սա լուրջ խնդիրներ է հարուցել Հայաստանի հանքարդյունաբերության ողջ ոլորտի համար: Նշենք նաեւ, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի 60 %-ը մոլիբդենի խտանյութ է, որն այնուհետեւ մշակվում եւ ֆեռոմոլիբդենի է վերածվում Հայաստանում («Մաքուր երկաթ» եւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»)
Նշենք, որ ֆեռոմոլիբդենը (երկաթահամահալվածք) Հայաստանի արտահանման ամենախոշոր հոդվածներից է` ծավալներով զիջում է միայն պղնձի խտանյութի արտահանմանը: 2011 թ. 9 ամսում Հայաստանն արտահանել է 4100 տոննա ֆեռոմոլիբդեն` 94 մլն դոլար ընդհանուր արժեքով:
Ըստ որոշ կանխատեսումների` առավել հավանական է, որ մոլիբդենի գինը 2012 թ. եւս մնա ցածր մակարդակի վրա, քանի որ Չինաստանի կողմից ներկրման էական աճ չի սպասվում: Շուկայի իրավիճակի վրա կարող է ազդել նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում եւ Չիլիում նոր հանքավայրեր են շահագործվելու:
Հունվար 27, 2012 at 13:12
