

Արմենպրես
Կապանի քաղաքապետարանի դահլիճում հունիսի 30-ին հասարակական քննարկման էր դրվել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը: Մոտ մեկ ամիս առաջ շահագրգիռ կողմերի ուսումնասիրությանն էր ներկայացվել փաթեթը, որոնց կողմից էլ քննարկման ընթացքում բարձրացվեցին առաջարկություններ ու դիտողություններ: Նախագծի տեխնոլոգիական մասը ներկայացրեցին «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ը մասնագետները, որոնց վստահված էր նախագծի մշակումը:
Նշվեց, որ ձեռնարկության ֆաբրիկան հնարավարություն ունի մշակելու տարեկան 1 մլն տոննա հանքաքար, սակայն Շահումյանի հանքի արտադրողականությունը ներկայում տարեկան 300 հազ. տ է: Առաջիկայում նախատեսվում է այն հասցնել տարեկան 600 հազ. տոննայի: Անդրադառնալով նախագծի դրական կողմերին' մասնավորապես նշվեց, որ մշակված նախագծով լցակույտեր չեն նախատեսվում: Առաջացած լցակույտերի 70 տոկոսը վերադարձվելու է հանք, իսկ մնացածը օգտագործվելու են պոչամբարում: Նշվեց նաեւ, որ մինչեւ այժմ Նորաշենիկ գետ թափվող հանքաջրերի 70 տոկոսը ուղղվելու է պոչամբար, որտեղ մեխանիկական մաքրումից հետո վերադարձվելու է ֆաբրիկա' որպես շրջանառու ջուր: Նախագծով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցվել է նվազագույնի:
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն առաջարկեց կոմբինատին ստեղծել սեփական տնկարան' հաճախակի ծառատնկման աշխատանքներ իրականցնելու նպատակով: Բացի դրանից, առաջարկեց իրականցնել Կապան քաղաքի տարածքի մոտ 3-4 հա-ի վրա կանաչ գոտի ստեղծելու ծրագիր: Քննարկաման վերջում նշվեց, որ ստրոգետնյա հանքի ընդլայնման արդյունքում ձեռնարկության ներկայիս աշխատողների քանակը 1075-ից կհասնի 1207-ի, իսկ միջին աշխատավարձը ներկայից 205 հազ. 224 դրամից կբարձրանա մինչեւ 259 հազ. 891 դրամի: Հասարակական քննարկման ժամանակ մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կոմբինատի պատասխանատուներին' օրենքի պահանջը կատարելու եւ ձեռնարկության նախագծերը հասարակական քննարկման ներկայացնելու համար:
Հուլիս 05, 2011 at 15:51
