Լիաննա Ասոյան՝ Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնի համակարգող, Սաթիկ Բադեյան՝ ՏԶՀԿ ՀԿ նախագահ, www.aarhus.am
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Շորժա համայնքում տեղի ունեցան Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) հասարակական լսումները: Մասնակցում էին մոտ 60 հոգի՝ համայնքի բնակիչներ, հանքը շահագործող <<ԳԵԳԱՄԵՏ+>> ՓԲԸ ներկայացուցիչները` գլխավոր տնօրեն Ա. Դանիելյանը, «Երկրաբանության և հետազոտությունների» դեպարտամենտի ղեկավար Շ. Խաչատրյանը, երկրաբան Ս. Գոգինյանը, Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Հ. Համբարձումյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Ս. Բադեյանը, Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կ. Մովսիսյանը և գյուղապետարանի աշխատակազմը:
Համայնքապետը բացեց լսումը՝ նախագիծը ներկայացնելով որպես համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք, սակայն կարևորեց նաև շրջակա միջավայրի վրա բացվասական ազդեցության խնդիրը և Սևանա լճի պահպանությունը:
«ԳԵԳԱՄԵՏ +» ՓԲԸ «Երկրաբանության և հետազոտությունների» դեպարտամենտի ղեկավար Շ. Խաչատրյանը ներկայացրեց նախագիծը` ասելով, որ այն նախկինում հաստատված է եղել և հանքը շահագործվել է, սակայն տեխնիկական պատճառներով, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժշտությունից ելնելով, շահագործումը դադարեցվել էր: Հետևապես, հաշվի առնելով Ընդերքի մասին ՀՀ նոր օրենքի փոփոխությունները, կազմվել է նոր նախագիծ և ներկայացվել ՇՄԱԳ:Նա նաև նշեց, որ երեք հանքատարածքների հանքանյութի ընդհանուր պաշարները գնահատվում է մոտ 22 մլն. տոննա, սակայն մեր երկրում պահանջարկը տարեկան 120 հազ. տոննա է` առայժմ, հետագայում համաձայնություններ ձեռք կբերվեն հանքանյութը նաև արտահանելու համար:
Հանքերը շահագործվելու է նախնական 25 տարի ժամկետով` հետագայում ևս 25 տարով երկարացնելու ակնկալիքով:
Լսման ընթացքում պարզվեց, որ նախկինում հանքավայրի շահագործումը իրականացվել է երկու բացահանքով, նոր նախագծում պետք է իրականացվի երեք բացահանքով: <<ԳԵԳԱՄԵՏ +>> ՓԲԸ երկրաբան Ս. Գոգինյանի խոսքով բացահանքերը շահագործվելու են միաժամանակ, քանի որ համապատասխան որակի ցեմենտ ստանալու համար երկու տարբեր հանքերից ստացված խառնուրդ է անհրաժեշտ:
«ԳԵԳԱՄԵՏ +» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Դանիելյանը իր խոսքում նշեց, որ նախագծի իրագործման արդյունքում կբացվի 300 աշխատատեղ: Ի պատասխան Ս. Բադեյանի այն հարցին, որ նախագծում նշված է ընդամենը 11 աշխատատեղ, եղան տարբեր պատասխաններ: Ա. Դանիելյանն ասաց, որ այս նախագիծը վերաբերում է միայն հանքի շահագործմանը, հանքի շահագործման լիցենզիան ստանալուց հետո առանձին նախագիծ էլ կներկայացվի գործարանի համար՝ ավելացնելով, որ աշխատատեղերն ավելացնելը իրենց նպատակն է, քանի որ այդ դեպքում կավելանա նաև շահույթը: Ներկա պահին հանքում 11 աշխատողների ու մասնագետների կարիք կա, օգուտը տեսնելուն պես աշխատատեղերի թիվը կհասնի 300-ի, այդ թվում՝ ջարդիչ համալիրում, ավտոպարկում և պահեստում աշխատանքներն իրականացնելու համար: Լ. Ասոյանի հարցին, թե աշխատանքները սեզոնային են արդյոք, պատասխանեցին, որ՝ ոչ. նախատեսում են տարեկան 260 աշխատանքային օր :
Շրջակա միջավայրի վրա հիմնական ազդեցությունը փոշու արտանետումն է, ինչի տարածման սահմանը 1կմ է: Այսինքն` միակ ազդակիր համայնքը Շորժան է: Ըստ նախագծի ջրցողումների միջոցով այդ ազդեցությունը կնվազեցվի 70-80%-ով: Վնասակար գազային արտանետումները նվազեցնելու նպատակով բոլոր մեքենաների և սարքավորումների արտանետիչների վրա նախատեսվում է տեղադրել գազազտիչ սարքեր, որոնք կկրճատեն արտանետումները 50-70%-ով: Այն հարցին, թե երբ են տեղադրվելու այդ սարքերը, պատասխանեցին, որ արդեն տեղադրված են և անցյալ շաբաթ ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից ստուգվել է դրանց առկայությունը:
Լանդշաֆտի փոփոխությունները կազմակերպությունը վերականգնելու է ռեկուլտիվացիայի միջոցով, ինչը կկատարվի տվյալ տարածքի հանքանյութը սպառելուց հետո:
Օրհուս կենտրոնի համամարգող Լ. Ասոյանը հարց հնչեցրեց այն մասին, որ նախագծում նշված է, որ եթե հանքում այնպիսի ապարներ լինեն, որոնց փխրեցուցիչը չհաղթահարի, այդ մասերում փխրեցումը կարելի է կատարել հորատապայթեցման աշխատանքներով: Ս. Գոգինյանը միանգամից պատասխանեց, որ հարցադրումը տեղին է և նախագծում թյուրիմացություն կա: Այդ մասը պետք է հանվի նախագծից, մանավանդ որ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Եվ ընդունեց այն դիտողությունը, որ դա պիտի արվեր մինչև նախագիծը լայն հասարակությանը ներկայացնելը, ինչը արդեն խախտում է:
Տնօրենի խոսքերով հանքում միայն մագնեզիումասուլֆատային միացություններ չեն, կա նաև քրոմ, որի պարունակությունը գնահատվել է 400 հազ տոննա, որը խանգարելու է հիմնական հումքի ստացմանը, ուստի առանձնացվելու է մանրեցման և տեսակավորման եղանակով: Նրա խոսքերով նույնիսկ այն թափոն չի դառնաւ, որովհետև շուկայում քրոմի պահանջարկ էլ կա: Լ. Ասոյանը բարձրացրեց նաև Սևանա լճի մասին ՀՀ օրենքից բխող հարց, այն մասին, որ գործարանում փակ ցիկլով անգամ լվացման գործընթաց է տեղի ունենալու, ինչը օրենքով արգելված է: Պատասխանը եղավ այն, որ ոչ թե գործարան, այլ ջարդող տեսակավորող համալիր է լինելու, որտեղ իրականացվելու է ուղղակի ապարների մանրացում, որի ընթացքում ջուրն օգտագործվելու է մանրացման համար, ջուրը վերցնելու են հորատանցքերից և մանրացված թաց զանգվածը տեղափոխելու են Արարատ:
Երբ խոսք գնաց փոխհատուցումների մասին, գործադիր տնօրենն ասաց, որ բնավճարներ կվճարեն պետական բյուջե, ծրագրեր կիրականացնեն համայնքում: Իսկ համայնքապետն ասաց, որ առայժմ կազմակերպության կողմից համայնքային բյուջե է վճարվում միայն հողի վարձավճար և ջրի վարձ:
Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փորձագետ Կ. Մովսիսյանն իր ելույթում նշեց, որ այս նախագծում ներկայացված է Հայաստանում եզակի մաքուր և անթափոն տեխնոլոգիայով գործունեություն, որ բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա շատ չնչին է: «Դատարկ ապարներ չունենք, ինչ հանվում է, բաժանվում է ֆրակցիաների` ցեմենտի արտարության և ձուլումների, հարցը այն է, թե ինչպիսի շահագործման կուլտուրա ունեն և ինչպիսի վերահսկողություն կլինի: ՏԻՄ-ը կարող է պարտադրել սոցիալական հարցերի լուծում: Լինի փոխհամագործակցություն հասարակության, ՀԿ-երի, ՏԻՄ-ի և շահագործողի միջև»,- նշեց Կ. Մովսիսյանը:
Չնայած նախագիծը ներկայացնողները բազմիցս հնչեցրին այս գործունեության անթափոն, մաքուր ու բարձր տեխնոլոգիաներով աշխատելը, ՀԿ-նեորի կողմից բնակիչների համար տրվեց պարզաբանում. ինչքան էլ այս գործընթացը ընթանա մաքուր պրոցեսներով, այն իր լուրջ հետևանքներն է ունենալու շրջակա միջավայրի վրա, մասնավորապես՝ Սևանա լճի: Ինչքան էլ շահագործման ընթացքում ջրցան մեքենաների օգնությամբ կրճատեն փոշու քանակությունը, ըստ նախագծի տարեկան 4 տոննա փոշին ու հանքում աշխատող մեքենաների արտանետումները` ածխածնի օքսիդի 0.1-0.6տ/տ, ածխաջրածնի 0.03-0.1տ/տ, ազոտի երկօքսիդի 0.04տ/տ, մուր 0.58-15.5կգ/տ, ծծմբային գազի0.002-0.02տ/տ, և կապարի 0.3կգ/տ, քանակությունները անհետևանք չեն լինի ինչպես բնակչության, այնպես էլ Սևանա լճի համար:
Այնուամենայնիվ այս նախագիծը, ինչպես և նախորդը, համայնքի բնակիչների կողմից ընդունվեց միաձայն, քանի որ համայնքում այն շատ սոցիալական խնդիրներ է լուծելու: Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում մոտ 20 երիտասարդ ընտանիքների հետ միասին արտագաղթել են` հանքի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու արդյունքում:
ՀԿ-ի կողմից եղավ առաջարկություն ստեղծել մոնիտորինգային խումբ, որը կվերահսկի հանքի շահագործման ամբողջ պրոցեսը` գոնե նախագծին համապատասխան իրականացնելու և մեղմացնելու շրջակա միջավայրին հասցվող վնասները:
Հասարակական լսումը փակեց «Երկրաբանության և հետազոտությունների» դեպարտամենտի ղեկավար Շ. Խաչատրյանը ՆՍՕՏՏ Գարեգին Առաջինի խոսքերով «Եկեղեցին ընդունում է 7 մահացու մեղք», որին կարելի է ավելացնել անտարբերությունը սեփական ժողովրդի, հայրենիքի ու շրջակա միջավայրի հանդեպ:
Լուսանկարը` Լիանա Ասոյանի
Հոկտեմբեր 31, 2012 at 13:45