

ԷկոԼուր
«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն ՀՀ Լոռու մարզի Արջուտ համայնքի տարածքում մտադիր է կառուցել ցիանային գործարան: Սույն թվականի հունվարի 23-ին` ժամը 12.00-ին, Արջուտի գյուղապետարանում, տեղի կունենան Արջուտի ոսկու հանքավայրի վերամշակման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:
Նշենք, որ «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն արդեն իսկ ստացել է Արջուտի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման թույլտվությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից: Այս հայտով ընկերությունը խախտում է Արջուտի հանքավայրի շահագործման նախագծի ՇՄԱԳ-ի բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, քանի որ նախագծի նախաբանի 2-րդ կետում նշված է. «Արդյունահանված հանքաքարերը տեղափոխել մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկա» եւ ոչ մի խոսք չկա ցիանային գործարանի մասին:
Հայտում նշված չէ, թե գործարանը Արջուտ գյուղի որ կողմում է լինելու, որքան տարածք է զբաղեցնելու, բնակելի տներից որքան հեռավորության վրա է գտնվելու, ինչպիսի բուսական եւ կենդանական տեսակներ կան այդ տարածքում: Տվյալ տարածքը գտնվում է 8-9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում:
Արջուտ համայնքի ավագանու 2014թ. նոյեմբերի 20-ի N22-Ա որոշմամբ՝ Արջուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 40.4 հա գյուղատնտեսական նշանակության հող Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի: Միայն բացահանքի օտարման տարածքը կազմում է 15.7հա, իսկ լցակույտինը` 13.6հա: Ստացվում է, որ տրամադրված 40.4 հեկտարից գործարանը կզբաղեցնի 11.1 հեկտար տարածք: Հողատարածքի պայմանագրային արժեքը գնահատվել է ընդամենը 15.0 հազար դրամ մեկ հեկտար տարածքի համար: Հանքավայրի 3080.9կգ ոսկու, 17.64տ արծաթի և 6821տ պղնձի պաշարների դիմաց:
Գործարանում ցիանիդի միջոցով վերամշակվելու է տարեկան 100 հազար տոննա հանքաքար: Թանկարժեք մետաղի կորզման համար տարեկան կօգտագործվի 150 տոննա ցիանական նատրիում, 100 տոննա կիր, 15 տոննա նատրիումի հիպրոքլորիտ, 10 տոննա աղաթթու, 3.0 տոննա ակտիվացրած ածուխ: Հայտի համաձայն` Արջուտի հանքաքարում ոսկու պարունակությունը կազմում է միջինը 1.43 գ/տ, արծաթինը՝ 8.41 գ/տ: Գործարանի վերջնական արտադրանքը լինելու են Դորե մետաղներ:
Պոչանքները պահեստավորվելու են գործարանի տարածքում հատկացված 4.5 հա տեղամասում: Թե որքան տոննա պոչանք է պահեստավորվելու, ինչպիսի կառուցվածք է ունենալու պոչերի պահեստարանը եւ երբ է այն ռեկուլտիվացվելու, նշված չէ:
Նախագծում նշված չէ, թե ինչ վնասակար նյութեր են արտանետվելու մթնոլորտ եւ ինչ քանակությամբ: Նշված չէ, թե գործարանի գործունեության համար որտեղից է ջուր վերցվելու եւ որքան, ներկայացված չէ գնահատական, թե որքանով է անվտանգ լինելու ցիանային գործարանը, այլ պարզապես գրված է. «Առանձնապես մեծ ուշադրություն է դարձվելու վթարային իրավիճակներին: Այդ նպատակով նախատեսված է մշակել բնական աղետների եւ տեխնածին վթարների արձագանքման միջոցառումների պլան»: Գնահատված չէ նախագծի ազդեցությունը ազդակիր համայնքների բնակիչների առողջության վրա:
Հիշեցնենք, որ «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Վարդանյանը դոկտորի կոչում է շնորհել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Հունվար 22, 2015 at 14:42
